«Չէի էլ ակնկալում, որ Փաշինյանն ինձ պետք է տեսնի պաշտպանության նախարարի պաշտոնում». Վիգեն Սարգսյան

«Ես հրաժարականի մասին երբեք չեմ խոսել ո՛չ հասարակության, ո՛չ Նիկոլ Փաշինյանի հետ, ես խոսել եմ այն մասին, որ նոր ձևավորված թիմը, իմ պատկերացմամբ, չի կարող ապահովել արդյունավետ առաջընթաց՝ մի շարք պատճառներով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը՝ հստակեցնելով, որ ունի քաղաքական հայացքներ, որոնք երբևէ թույլ չեն տա այդ թիմի հետ աշխատել։

Նա հայտարարեց, որ չի լսել, թե Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Վիգեն Սարգսյանին չի տեսնում պաշտպանության նախարարի պաշտոնում։

«Ես չեմ լսել Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը, որ ինձ չի տեսնում, երկրորդը՝ ես, ճիշտն ասած, չէի էլ ակնկալում, որ ինքն ինձ պետք է տեսնի, որովհետև ինչքան էլ տարբեր լինեն մեր հայացքները, ես հարգանքով եմ վերաբերվում պարոն Փաշինյանին, և եթե ինքն իմ մասին ունենար նման կարծիք, որ կարող է ինձ առաջարկեր մնալ պաշտպանության նախարար, իմ կարծիքն իր մասին շատ կփոխվեր»,- նկատեց Սարգսյանը։

Նա նշեց, թե բոլորն էլ հասուն մարդիկ են ու ունեն գործընթացների լիարժեք պատկերացում։

«Կարծում եմ՝ շատ բնական և շատ նորմալ է, որ չեմ ստացել առաջարկ, եթե ստանայի առաջարկ, նախապես մի քանի խողովակով հնչեցրել եմ՝ ինչպիսին կլինի իմ արձագանքը, ընդ որում, ասել եմ, որ, եթե այդպիսի առաջարկ լինի հանրայնորեն, իմ պատասխանը լինելու է շատ հանրայնորեն։ Ես Նիկոլ Փաշինյանին ասել եմ, թե ինչու եմ բացառում իմ մասնակցությունն այդ կառավարության կազմում»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս