«Ես Նիկոլ Փաշինյանի հետ չեմ խոսել». Աշոտ Բլեյանը՝ ԿԳՆ նախարարի պաշտոնի մասին
168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում կրթության և գիտության նախարարի պաշտոնն առաջարկվել է ԿԳՆ նախկին նախարար, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանին, սակայն «Քաղաքացիական պայմանագրի» երիտասարդները դեմ են եղել, և այժմ ԿԳ նախարարի պաշտոնում դիտարկվում է ՔՊ վարչության անդամ, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանի թեկնածությունը։
Աշոտ Բլեյանը մեզ հետ զրույցում հերքեց, որ իր հետ քննարկվել է ԿԳ նախարարի պաշտոնը զբաղեցնելու հարցը։
«Ես Նիկոլ Փաշինյանի հետ չեմ խոսել»,- ասաց Ա.Բլեյանը։
Նա նշեց, որ իր պաշտոնում իրեն շատ լավ է զգում. «Զբաղեցնում եմ ամենաբարձր պաշտոնը կրթական համակարգում, Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում հեղինակային մակավարժական ծրագրեր եմ իրականացնում, 2018-2019 իմ օրացույցը շատ զբաղված է, իմ օրը լեցուն է գործերով, ես զբաղված եմ միայն օրվա հոգսով։ Թե վաղվա օրն ի՞նչ կլինի, ես դրան կարձագանքեմ»։
Արայիկ Հարությունյանի հետ, որն այժմ գտնվում է Արցախում, կապ հաստատել առայժմ չհաջողվեց։