«Պարոն Փաշինյան, մեզ բոլորիս սպասվում է տաժանակիր աշխատանք». Միքայել Մելքումյան
«Մեր դիրքորոշման մեջ բովանդակային առումով փոփոխություն չի կարող լինել։ Ավելին, մենք այսօր ոչ միայն սատարում ենք Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, այլև առաջադրել ենք նրան վարչապետի պաշտոնում»,- այսօր խորհրդարանում այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ նկատելով, որ Փաշինյանի ընտրությունը կարող էր մեկ շաբաթ առաջ լինել։
«Հիմա այս ընտրությունը դարձել է ավելի հասունացած և անհրաժեշտ։ Իրական և բոլորին ծառայող հեղափոխությունը ոչ թե ավարտվում, այլ սկսվում է իշխանության գալով։ Հաղթանակը պահելը պակաս կարևոր չէ, քան հաղթանակին հասնելը»,- դիմելով շարժման կազմակերպիչներին՝ ասաց նա։
Նա նաև նշեց, որ ոչ ոք չի ների, եթե Արցախից մի փոքր մաս անգամ պակասի։
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ նշեց, որ շրջադարձային կետում են կանգնած. «Անկախությունից 30 տարի հետո նոր ալիք եկավ, որը պետք է լրջագույն սրբագրումներ կատարի, մենք այդ շանսը տեսնում ենք։ Այսօրվա հիմնական մեսիջն այն էր, որ ժողովուրդը որոշում կայացնող և իրականացնող է դառնում։ Մեր դաշինքը կանգնած է համաժողովրդական շարժման կողքին, մեր թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է, բայց պարոն Փաշինյան, մեզ բոլորիս սպասվում է տաժանակիր աշխատանք»։