Բաժիններ՝

Սկանդալ հայկական ֆուտբոլում. ի՞նչ են ասում կողմերը

Հայկական ֆուտբոլում հանգստյան օրերին հասունացավ նոր սկանդալ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել ՀՀ Ֆուտբոլի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության «Շիրակ» թիմի արդյունքները նվազեցնել 12 միավորով, ինչպես նաև «Շիրակ» ՖԱ-ին տուգանել նվազագույն աշխատավարձի յոթհազարապատիկի չափով:
Ի՞նչ է պատահել

«Բանանց» ֆուտբոլային ակումբը ՀՖՖ-ին տեղեկացրել է պայմանավորված խաղի մասին: Ակումբ ՀՖՖ-ին ուղղված գրությամբ հայտնել է, որ «Բանանց ՖԱ»-ի ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոն 03.05.2018թ.-ին դիմել է իրենց և տեղեկացրել է, որ իրեն «Շիրակ ՖԱ» մարզիչ Արարատ Հարությունյանի կողմից առաջարկվել է իրականացնել պայմանավորված խաղի կազմակերպում 05.05.2018 թվականին կայանալիք ՀՀ Բարձրագույն խմբի «Բանանց»-«Շիրակ» հանդիպման ժամանակ: 

Ֆուտբոլիստին առաջարկվել է նախնական 1000 ամերիկյան դոլար, իսկ դիտավորյալ սխալների համար՝ 4000 դոլար: «Բանանց» ակումբը գրությանը կից ներկայացրել է նաև ֆուտբոլիստի և Արարատ Հարությունյանի միջև եղած հեռախոսային զրույցի ձայնագրություններ, ինչպես նաև նրանց միջև եղած տեքստային հաղորդագրությունների պատճենները (screenshot նկարները):

Արդյունքում՝ Արարատ Հարությունյանին ցմահ արգելել զբաղվելու որևէ ֆուտբոլային գործունեությամբ: «Շիրակ ՖԱ»-ին տուգանել նվազագույն աշխատավարձի յոթհազարապատիկի չափով և ՀՀ Ֆուտբոլի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության «Շիրակ» թիմի արդյունքները նվազեցնել 12 միավորով: 

ՀՖՖ-ի րոշումից հետո հայտարարությամբ է հանդես եկել Գյումրին ներկայացնող ակումբը:
««Շիրակի» հերթական հաղթանակից հետո՝ չեմպիոնության նախաշեմին, տեղեկացանք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել 12 միավոր և 7մլն ՀՀ դրամ տուգանքի մասին, հիմնավորելով, որ Ակումբը «Բանանց» թիմի ֆուտբոլիստին՝ խաղի ելքի վրա ազդելու առաջարկ է արել։ Ակումբը պաշտոնապես հայտարարում է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան որևէ փաստ չունի, որ Շիրակը ներգրավված է եղել նման առաջարկ ներկայացնելու որևէ գործընթացում, և, որ ՀՖՖ որոշումը ապօրինի է։ Շիրակը չի ընդունում ակումբին վերաբերող որևէ փաստարկ։ Ակումբը ձեռնամուխ կլինի իր իրավունքների պաշտպանությանը և կձեռնարկի բոլոր իրավական միջոցները ապօրինի որոշումը չեղարկելու և «Շիրակ» ֆուտբոլային ակումբի բարի համբավը վերականգնելու համար։

Տեղեկացնում ենք, որ եթե ՀՖՖ-ն մեր բողոքարկման ընթացքում ապօրինաբար կիրառի սույն որոշումը, ապա «Շիրակ» ֆուտբոլային ակումբը՝ բոլոր թիմերով, պարտադրված կլինի լքել բոլոր առաջնությունները»։

Ակումբի հայտարարությանը արձագանքել է ՀՖՖ կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանը: Նա հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ նշվում է, որ տեղի ունեցածն աննախադեպ է հայկական ֆուտբոլի համար, կարող է ունենալ կործանարար հետևանքներ:

«Կարգապահական կոմիտեի վերոհիշյալ նիստը տևել է մոտ 6 ժամ, կոմիտեի անդամները հնարավորություն են ունեցել մանրամասն ու բազմակողմանիորեն քննարկել «Բանանց» և «Շիրակ» ֆուտբոլային ակումբների գրությունները, «Բանանց» ակումբի ներկայիս և «Շիրակ» ակումբի նախկին ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոյի դիմումը, ինչպես նաև գործին կցված բազմաթիվ ապացույցները /այդ թվում տեսա և ձայնագրություններ, հաղորդակցության սղագրություններ և այլն/: Թեև Արարատ Հարությունյանը հրաժարվել է մասնակցել նիստին, սակայն հեռախոսային կապի միջոցով պատասխանել է կոմիտեի անդամներին հետաքրքրող հարցերին: Արդյունքում՝ կոմիտեի ոչ մի անդամի մոտ կասկած անգամ չի մնացել, որ կայացել է պայմանավորված խաղի կազմակերպում:

Հորդորում և կոչ եմ անում «Շիրակ» ակումբին՝ շանտաժի և ուլտիմատումի լեզվով խոսելու փոխարեն հանդես գալ իրական և իրավական գնահատականներով և հարցը լուծել բացառապես օրենքի շրջանակներում: Փարատելու համար բոլոր շահագրգիռ կողմերի մտահոգությունները և անհանգստությունները որոշման «օրինականության կամ ապօրինության» մասին, ինչպես «Շիրակ» ակումբը փորձ է արել ներկայացնել իր հայտարարությունում, նշեմ, որ համաձայն ՀՖՖ կանոնադրության, որպես վերջնական բողոքարկման ատյան՝ հարցը կարող է քննարկվել Լոզանի սպորտային գործերով միջազգային արբիտրաժային դատարանում (CAS)»:

Արդեն այսօր այս հայտարարությանը արձագանքել է «Շիրակը»: Հայտարարության մեջ նշվում է, որ ի պատասխան ՀՖՖ կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի հայտարարությանը՝ ակումբը ցանկանում է ևս մեկ անգամ կրկնել, որ «Շիրակ» ակումբը տեղյակ չի եղել ակումբի աշխատակցի գործողություններից։ Արարատ Հարությունյանը փորձ է արել պայմանավորվածություն ձեռք բերել, և հարց է՝ թե ում նախաձեռնությամբ, «Բանանց»-«Շիրակ» հանդիպման ելքի վրա ազդելու, սակայն այն ոչնչով չի ավարտվել։ Ակումբը շեշտում է, որ «Շիրակի» բոլոր 48 միավորները թիմի ֆուտբոլիստների, մարզիչների քրտինքով արժանվույն վաստակած են։

«Նշենք նաև, որ Կարգապահական կոմիտեի նիստին «Շիրակ» ակումբից, որին մեղադրում են պայմնավորված խաղ կազմակերպելու մեջ, ոչ մի ներկայացուցիչ չի հրավիրվել՝ պարզաբանումներ ստանալու համար։ Մենք դա համարում ենք մեր իրավունքների խախտում, հատկապես, երբ որոշումը մեծապես ազդում է ակումբի՝ առաջնության մրցաշարային աղյուսակում դիրքի վրա։

Ակումբի իրավաբաններն արդեն իսկ նախապատրաստել են բոլոր պահանջվող փաստաթղթերը, որոնք կներկայացվեն բողոքարկման։

Հորդորում ենք ֆեդերացիային չկայացնել վերջնական որոշումը և պահպանել բողոքարկման համար տրված 7 օրյա ժամկետը»,- ասվում է հայտարարության մեջ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս