Շիրակի համաալսարանում կրքերը չեն հանդարտվում
Շիրակի պետական համալսարնի ռեկտորը շարունակում է հերքել իր նկատմամբ հնչող մեղադրանքերը: Մայիսի 7-ին կրկին բողոքի ակցիա էին կազմակերպել Շիրակի մայր բուհի ուսանողներն ու որոշ դասախոսներ՝ պահանջելով բուհի ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը:
Այս անգամ ցուցարարներին միացել էր նաև օրերս աշխատանքից հեռացված պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը: Վերջինս միանալով ավելի վաղ աշխատանքից հեռացված դասախոսներ Հովհաննես Խորիկյանի և Գագիկ Համբարյանի բողոքներին, մեղադրեց ռեկտորին բուհը քարուքանդ անելու մեջ:
«Մենք այդքան ժամանակ չունենք սպասելու, թե երբ կհասկանաք օրենքով գործելու կարևորությունը, երբ կփորձեք ծառայել հասարակությանը: Որքան երկար ձգվի ձեր հրաժարականն, այնքան երկար ենք բարձրաձայնելու կատարվածները», -ասաց Անահիտ Ֆարմանյանը: Նա ներկաներին հավաստիացրեց, որ բուհի դասախոսական կազմի զգալի մասը միացել է իրենց, պարզապես բուհում այժմ վախի մթնոլորտ է: Ակցիայի մասնակիցներն իրենց բողոքը ավելի ուշ հայտնեցին նաև բուհի ներսում, ապա նաև երթով:
Սահակ Մինասյանը լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրեց՝ պաշտոնը կթողնի միայն հիմնավորումների դեպքում՝ եթե հաստատվեն ապրօրինություններն ու չարաշահումները։ «Անցած տարվանից մինչ այսօր 10-15 կազմակերպություն ուսումնասիրություն է կատարել, ստուգել, բայց ոչ մի լուրջ խախտում չի արձանագրվել: Հետևում են նորից անստորագիր նամակներ»,-նշեց Սահակ Մինասյանը՝ հավաստիացնելով, որ բուհում ստեղծված իրավիճակի հետևում կանգնած է Անահիտ Ֆարմանյանը, ով, ըստ բուհի ռեկտորի, մինչ այս ղեկավարել է բուհի շատ գործառույթներ և չհաշտվելով այն մտքի հետ, որ բուհը ունի նոր ղեկավար ու նոր պահանջներ, ինչպես նաև աշխատանքային նոր մոտեցումներ, ստեղծել է այս իրավիճակը:
«Համբարյանը և Խորիկյանը դիմել են դատարան, դատավարությունը կլինի, որոշում կլինի, ըստ այդմ կիրականացվեն համապատասխան գործառույթները: Շատ են շահարկում բարձր աշխատավարձերը, բարձր աշխատավարձ ստացել է նաև Անահիտ Ֆարմանյանը»,-նշեց բուհի ռեկտորը՝ հավաստելով՝ ստեղծված իրավիճակը ռեկտոր աթոռի համար է: «Սա միայն ռեկտորի պաշտոնի համար է, սա ոչ մի կուսակցական խնդիր չէ: Բուհում կոռուպցիոն սկանդալներ եղել են մինչև իմ ռեկտոր նշանակվելը, մարդիկ դրա համար նույնիսկ ձերբակալվել են, իսկ այս շրջանում նման բան չկա: Հրաժարական չեմ տալու՝ Ֆարմանյանի, Խորիկյանի կամ Համբարյանի, կամ բուհի նախկին ղեկավարի հորդորով կամ պատվերով: Ես բաց եմ և պատրաստ եմ ցանկացած կազմակերպության ստուգման»,-նշեց Սահակ Մինասյանը:
Արմենուհի Մխոյան