«Հրապարակում կանգնածների մեծամասնությունն ընդամենը մեկ տարի առաջ եղել է 10 հազար դրամ բաժանող կամ վերցնող». Կարեն Քոչարյան
«Եթե անգամ հաշվի առնենք այնպիսի նյուանսներ, որ պետական պահպանության ծառայության կողմից Նիկոլ Փաշինյանին տրվել են անվտանգության աշխատակիցներ, հասկանալի է, որ վաղը Փաշինյանը լինելու է վարչապետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
Նա նշեց, որ խաղը հետո է սկսվելու. «Նիկոլ Փաշինյանն ունենա ընդդիմադիր մեծամասնություն օրենսդիր մարմնում, չեմ կարծում, թե դա ամենահաճելի աշխատանքային պրոցեսն է լինելու։
Արտահերթ ընտրություններն էլ ամենահաճելի բանը չեն, բայց եթե կա քաղաքական ճգնաժամ, և այն այլ կերպ չի լուծվում, ուրեմն պետք է լուծվի արտահերթ ընտրություններով։
Արտահերթ ընտրությունների համար էլ կան երևացող և չերևացող նյուանսներ։ Երևացող նյուանսներից առաջին ԸՕ-ն է, ընտրական հանձնաժողովները, տեղամասերը, և կա մի քանի չերևացող նյուանս, որոնք շատ ավելի կարևոր են։
Դա ընտրազանգվածի, հասարակության մտածելակերպի փոփոխությունն է, որովհետև բոլորս հասկանում ենք, որ հրապարակում կանգնածների մեծամասնությունն ընդամենը մեկ տարի առաջ եղել է կամ 10 հազար դրամ բաժանող, կամ վերցնող։ Եվ մեծ հարց է՝ եթե վաղը չէ մյուս օրը լինի ընտրություն, այն նույն մարդիկ, որոնք այնտեղ կանգնած են, կվերցնե՞ն այդ 10 հազար դրամները, թե՞ ոչ։ Ես համոզված եմ, որ էլի կվերցնեն»։
Քաղտեխնոլոգը նկատեց՝ հրապարակում հավաքվածներն այսօր գոռում են՝ «Նիկոլ վարչապետ», և այլն, բայց դա ընդամենն իրենց լեզվի վրա է փոփոխություն, իսկ գիտակցության մեջ, ըստ նրա՝ դեռ փոփոխություն տեղի չի ունեցել. «Նույնը կարելի է ասել քաղաքական ուժերի մասին. քաղաքական ուժերի մոտ փոխվելո՞ւ է արդյոք այն մոտեցումը, որ ՀՀ-ին պետք են ոչ թե մարգինալ մարդ-կուսակցություններ, այլ գաղափարական կառույցներ։ Օրինակ՝ կիմանա՞ արդյոք «Ելքը» և կդառնա մի կուսակցություն։ Ես ոչ մեկին չեմ մեղադրում, ես ասում եմ այն, ինչ կա»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում