Նիկոլ Փաշինյանը՝ այսօրվա և վաղվա անելիքների մասին
Քիչ առաջ համաժողովրդական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում թվարկեց այսօրվա անելիքները: Նա նշեց, որ վերջին օրերին իր առօրյան բավականին ծանր աշխատանքային է, բայց ավելի ծանր չէ, քան հրապարակում ունեցած առօրյան թավշյա հեղափոխության ժամանակ։ Սակայն, նկատեց Փաշինյանը, ժողովրդի մեջ լինելը մեծ էներգիա և լիցք էր տալիս։
Ն.Փաշինյանը տեղեկացրեց, որ երեկոյան ինքը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորելու է Սերժ Թանկյանին, ժամը 21։00-ի մոտակայքում կլինեն Հանրապետության հրապարակում, որտեղ կկայանա դիմավորման պաշտոնական արարողությունը, ինքը և Թանկյանը ելույթ կունենան։
Ն.Փաշինյանը հույս հայտնեց, որ վաղն առավոտից մարդիկ կհավաքվեն Հանրապետության հրապարակում, որտեղ ուղիղ եթերով կհետևեն ԱԺ հատուկ նիստում կայանալիք վարչապետի ընտրության գործընթացին, որից հետո ինքը կգա հրապարակ և կխոսեն վիճակի մասին։
«Քաղաքական խորհրդակցությունների արդյունքում կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ որևէ ազդակ, կասկած չկա, որ վարչապետի ընտրությունը կարող է տեղի չունենալ։ Ես կարծում եմ, որ ամեն ինչ կընթանա հենց այնպես, ինչպես մենք պլանավորել ենք, այսինքն՝ Ազգային ժողովը ժողովրդի կողմից ընտրված թեկնածուին կընտրի վարչապետ»,- ասաց Ն.Փաշինյանը։
«Ամենայն հավանականությամբ, դրանից հետո ես կսկսեմ իրականացնել ՀՀ վարչապետի պարտականությունները, եթե, իհարկե, որևէ արտառոց բան չլինի։ Եթե պատահելու լինի արտառոց որևէ բան, ես տեղյակ կպահեմ։ Այս պահի դրությամբ այդպիսի ազդակ չկա»,- հավելեց Ն.Փաշինյանը։