«ՀՀԿ-ն կհաստատի նաև կառավարության ծրագիրը, այլապես իմաստ չէր ունենա Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելը». Էդմոն Մարուքյան

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը չի կարծում, թե մինչև ընտրությունները հնարավոր է փոխել նաև Սահմանադրությունը: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ Է.Մարուքյանը հայտարարեց, որ նախքան ընտրությունները պետք է փոփոխություններ կատարվեն Ընտրական օրենսքրքում, հարակից մի շարք օրենքներում, կուսակցությունների մասին օրենքում, իսկ ընտրությունների ժամանակ բոլոր ուժերը կունենան հավասար հնարավորություններ, բացառված կլինի ընտրակաշառքը, վարչական ռեսուրսի օգտագործումը:

«Ռեյտինգային ընտրակարգը հանելու հետ կապված կա կոնսենսուս-1, այսինքն՝ խորհրդարանական բոլոր ուժերը կողմ են, հանրապետականները դեմ են»,- ասաց Է.Մարուքյանը:

Ըստ նրա՝ քննարկվում է նաև մատնահետքով քվեարկության հարցը: Այս խնդիրների լուծումից հետո, նշեց պատգամավորը, կարելի է գնալ ընտրությունների:

«Շատ ենք ասել, որ այս Սահմանադրությունը կոնկրետ մարդու համար կարված կոստյում է, և ուրիշ ում ուզում ենք հագցնել այն, կարծես թե հագին չի լինում: Պետք է վերանայել»,- ասաց Է.Մարուքյանը:

Անդրադառնալով Փաշինյանի ընտրությունից հետո նրա կառավարության ծրագրի հաստատման խնդրին՝ Է.Մարուքյանը կարծիք հայտնեց, որ ՀՀԿ-ն կհաստատի այն, այլապես իմաստ չէր ունենա նրան վարչապետ ընտրելը:

Պատգամավորը վստահություն հայտնեց նաև, որ Նիկոլ Փաշինյանն առանց ԱԺ մեծամասնության՝ կարող է խնդիրներ լուծել, Փաշինյանի կառավարությունը կարող է առանց խորհրդարան գալու՝ երկրում աուրա փոխել, տնտեսական կարգավորումներ իրականացնել՝ հարկային, մաքսային և այլն, քանի որ Հայաստանի խնդիրը մինչ այս օրենքները չեն եղել:

Տեսանյութեր

Լրահոս