ՀՀԿ-ականներից ո՞վ է քվեարկելու Փաշինյանի օգտին
«Եթե որևէ ուժ, որը որոշել է, որ իր ամբողջ կյանքի ընթացքում պետք է լինի իշխանություն, ուրեմն՝ նա չի մտել քաղաքականության մեջ, պարզապես մտել է իր հետաքրքրությունների համար: Բնականաբար, պատրաստ ենք դրան, և որևէ մեկը երաշխավորված չէ, թե երբ կլինի իշխանություն, երբ՝ ընդդիմություն»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ հաստատելով, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո ՀՀԿ-ն լինելու է ընդդիմություն:
Ըստ նրա՝ իրենք պատրաստ են լինել նաև ընդդիմություն, բայց որևէ անգամ չեն խանգարելու մեր երկրի հեռանկարային շահերին, երկրի անվտանգության հետ կապված խնդիրներին:
Այն, որ վարչապետ լինելու դեպքում Նիկոլ Փաշինյանին են ենթարկվելու ուժային կառույցները, և կան տեղեկություններ, որ հնարավոր է՝ ՀՀԿ-ից բազմաթիվ պատգամավորներ դուրս գան, և արդյունքում՝ ՀՀԿ-ն դառնա փոքրամասնություն, Բաղդասարյանը «ենթադրությունների կամ երազանքների գիրկն ընկնել» որակեց. «Նախ՝ որևէ ուժային կառույց որևէ մեկի սեփականությունը չէ, առավել ևս՝ սիրո, համերաշխության կոչ անողները, այդ ուժային իշխանությունները ժողովրդինն են»:
Ըստ նրա՝ առնետավազքի մասին ենթադրություններ կային նաև նախկինում, իսկ իրականությունը երևաց ամսի 1-ին, սակայն, եթե անգամ լինի այդպիսի վիճակ, կարևոր չէ, թե քանի հոգի կլինի խմբակցությունը, կարևորը քաղաքական դիրքորոշման մեջ փոփոխություն չլինելն է. «Ես ձեզ հավատացնում եմ, որ դա չի լինի»:
Հարցին, թե ՀՀԿ-ն կո՞ղմ է քվեարկելու Փաշինյանի կառավարության ծրագրին, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ չկա ծրագիր, չեն կարող ոչինչ ասել: «Կարող է՝ նույն ծրագիրն են բերում, ինչ որ ՀՀԿ-ինն է, մենք ի՞նչ քննադատենք»,- ասաց նա:
Թե ո՞վ է քվեարկելու Փաշինյանի օգտին, արդյոք օլիգարխնե՞րը, Վ.Բաղդասարյանը պատասխանեց, որ դա կքննարկեն այսօր կայանալիք ՀՀԿ ԳՄ նիստում, և իրենց որոշումից որևէ մեկը չի շեղվի: