
«Առաջին նախագահն է ակտիվացել». Արմեն Ռուստամյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղարի պաշտոնը այսուհետ կզբաղեցնի խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը: Ինչպես այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, այս հարցի լուծման համար կարիք չկար որևէ ժամանակ սպասել Աղվան Վարդանյանի հեռանալուց հետո: Նա նշեց, որ ՀՅԴ ցուցակով հաջորդը Ռուզան Առաքելյանն է, ով ըստ կարգի՝ պետք է զբաղեցնի Աղվան Վարդանյանի տեղը՝ որպես պատգամավոր, սակայն դա կախված է նաև նրա ցանկությունից:
Ա.Ռուստամյանը նկատեց, թե Աղվան Վարդանյանի հրաժարականն անհանգստացրել է Առաջին նախագահին. «Աղվան Վարդանյանի հետ կապված ինչ ասես՝ չասեցին, առաջին նախագահն է ակտիվացել, մեկ բաժակ ջրում փորձեցին փոթորիկ ման գալ: Աղվան Վարդանյանն իր համոզմունքով ու խղճով է առաջնորդվել: Ի՞նչ կա այստեղ անհասկանալի: Համոզմունքներով առաջնորդվելով՝ դեմ է քվեարկել, խղճով առաջնորդվելով՝ մանդատը վայր է դրել: Աղվան Վարդանյանի հեռացումը Սահմանադրությանը որևէ կերպ չի հակասում»:
«ՀՅԴ ավանդույթներից մարդիկ ցնցումների մեջ են ընկնում, բայց հենց այդ ավանդույթների շնորհիվ է այդ կուսակցությունն այսքան տարի գոյատևում»,- հավելեց Ա.Ռուստամյանը: