«Կառավարությունը, շատ ճիշտ կլինի՝ ստեղծվի ըստ պրոֆեսիոնալիզմի, ոչ թե՝ ըստ կուսակցական պորտֆելների». Անուշ Սեդրակյան

Հարցազրույց քաղաքագետ Անուշ Սեդրակյանի հետ

– Տիկին Սեդրակյան, տեսակետներ են հնչում, որ քաղաքական ճգնաժամից դուրս գալու համար լավագույն և միակ սահմանադրական ուղին փոքրամասնության կառավարության ձևավորումն է, այսինքն՝ խորհրդարանական երեք ուժերը` «Ելք», «Ծառուկյան» խմբակցությունները և Դաշնակցությունը, ձևավորում են կոալիցիա և կազմում կառավարություն: Ձեր կարծիքով՝ դա հնարավո՞ր է, ո՞րն է լավագույն տարբերակը։

– Ինչի՞ փոքրամասնության։ Եկեք օրենքի տառով և բովանդակությամբ խոսենք. եթե անցնում ենք պառլամենտական համակարգի, ապա մենք պետք է հասկանանք, որ պառլամենտական փոքրամասնություն և մեծամասնություն՝ նշանակում է՝ առավելագույն ժողովրդական քվե ստացած ուժ։ Հիմա 2 մոտեցումների բախում կա՝ ձևական և իրական։ Այո՛, ըստ ձևական մոտեցման՝ քվեների մեծամասնությունը ստացել է Հանրապետականը, սակայն ըստ իրական պատկերի՝ այդ քվեն ժողովուրդը տալիս է բնավ ոչ Հանրապետականին, և դա պարզ է։ Եվ դրա համար խոսել այսպիսի օրենսդրական տեսանկյունից այն պարագայում, երբ միգուցե օրենքի տառը պահպանված է, բայց ոգին պահպանված չէ, մի քիչ սխալ է, որովհետև մենք, ի վերջո, խոսում ենք պետական շահի, ժողովրդի շահի մասին։ Իսկ ժողովրդի շահը որոշում է ինքը՝ ժողովուրդը։ Դա ժողովրդավարության սկզբունքն է։ Եվ պառլամենտական հանրապետությունները, որպես կանոն, ստեղծվում են, որպեսզի այդ շահն ավելի ամբողջական ներկայացված լինի, և ոչ թե՝ անտեսվի։ Ժամանակավոր կառավարությունը, ինձ թվում է, շատ ճիշտ կլինի, եթե թեկուզ իր ժամանակավոր բնույթով՝ մշտական դառնալու ակնկալիքով, ստեղծվի՝ ըստ պրոֆեսիոնալիզմի, ոչ թե՝ ըստ կուսակցական պորտֆելների, ոչ թե՝ ըստ ինչ-որ ուժերի համամասնության, այլ ուղղակի։ Հայաստանն այնքան փոքր երկիր է, որ յուրաքանչյուր մարդ ճանաչում է տարբեր ոլորտի պրոֆեսիոնալների, էքսպերտային հանրույթն է ճանաչում ամեն մի ոլորտի լավագույնին, իրավաբաններն իրենց ոլորտի լավագույնին են ճանաչում, բժիշկները՝ իրենց, և այլն, և կարծում եմ, ճիշտ կլինի ձևավորել պրոֆեսիոնալ կառավարություն՝ ըստ էքսպերտային կարծիքների։ Եթե այդպես չեն կարողանում պայմանավորվել պորտֆելների տեղաբաշխման առումով, ապա պետությունը թող չտուժի, մարդիկ չտուժեն։

– Պրոֆեսիոնալ կառավարության մասին կարծես թե արդեն խոսակցություններ կան։

– Որովհետև դա ողջախոհ մոտեցում է։

– Խոսվում է Դավիթ Տոնոյանին՝ պաշտպանության նախարարի, Ֆելիքս Ցոլակյանին՝ ԱԱԾ պետի պաշտոնում նշանակելու նպատակահարմարության մասին։

– Ի՞նչ է անում կառավարության ներկայացուցիչը։ Թող պառլամենտական լոբբինգը, կուսակցական շահերի լոբբինգն ընթանա պառլամենտում, չնայած պառլամենտում գերագույն նպատակը ոչ թե՝ կուսակցական, այլ՝ ժողովրդական շահի գերակայությունն է։ Իսկ կառավարությունը պետք է ոլորտ առ ոլորտ իրականացնի կառավարման գործընթացը մաքսիմալ արդյունավետությամբ։ Եվ այստեղ քվեարկել, թե ով ինչ կուսակցությունից է, ով որտեղից է, չարժի։ Եթե կուսակցությունը ցայսօր ի վիճակի չի եղել նշանակել փայլուն պրոֆեսիոնալ ոլորտում, ուրեմն ուրիշները պետք է գան և նշանակեն այդ պրոֆեսիոնալին։ Մի անգամ Արմեն Դարբինյանի օրոք հնչել է այդ պրոֆեսիոնալների, արհեստավարժների կառավարության գաղափարը։ Այդ հասկացությունը մի քիչ ծաղրել են այն ժամանակ, որովհետև այդ կառավարությունը բնավ արհեստավարժ չէր, բայց հիմա 21-րդ դարն է, և արհեստավարժությունը շատ հեշտ ստուգվում է։ Ինձ թվում է, կարելի է մի անգամ էլ փորձել։

– Արտահերթ ընտրությունները պարտադի՞ր պայման են ճգնաժամի հաղթահարման համար։

– Դա պետք է համատեղ որոշեն քաղաքական ուժերը կոնսենսուսի միջոցով։
Ես կուզենայի, որ արտահերթ ընտրություններին, սա իմ անձնական ցանկությունն է, նախորդեին սահմանադրական փոփոխությունները, այսինքն՝ այդ Սահմանադրության փաթեթը, որ ընդունվել է, այնքան էլ փայլուն չի արտացոլում և՛ իրերի հիմնական դրությունը, և՛ մարդկանց շահերը, նաև, ճիշտն ասած, այդ Սահմանադրությանն «այո» ասածների ընկալումն էլ այնքան միանշանակ չէ, որովհետև հայտնի չէ, թե ովքեր են «այո» ասել Սահմանադրությանը, ինչու և ինչ քանակությամբ։ Ես կուզենայի այդպես։ Իսկ արտահերթ ընտրություններն իրենց հետ բերում են լրացուցիչ ռիսկեր, լրացուցիչ ծախսեր, բայց դա արդեն թող իրավաբաններն իրենց էքսպերտային կարծիքները տան։ Քաղաքագետները իրավական հարցերով, իսկ սա, այնուամենայնիվ, օրենսդրական թեմա է, լավ չի, որ կարծիք են արտահայտում։ Քաղաքագետները, լավ կլինի՝ խոսեն քաղաքական ուժերի բալանսից։

Տեսանյութեր

Լրահոս