«Չի լինելու ոչ մի բախում, չի լինելու ոչ մի ցնցում». Նիկոլ Փաշինյանը կոչ արեց ՀՀԿ-ականներին՝ միանալ համաժողովրդական զարթոնքին

ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ հատուկ նիստում իր եզրափակիչ ելույթում հայտարարեց, որ ժողովրդի հաղթանակը որևէ կերպ չի կարող կասկածի տակ առնվել։

Նա հերքեց մեղադրանքները, որ ինքը սպառնում է ոչնչացնել ՀՀԿ-ին. «Ես որևէ այդպիսի մտադրություն չունեմ, որովհետև Հանրապետական կուսակցությունը, Հանրապետական խմբակցությունն ինքն իրեն ոչնչացրեց միանգամից և անշրջելիորեն։ Սեփական ժողովրդին պատերազմ հայտարարող ուժն ընդհանրապես չի կարող գոյություն ունենալ։ Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք, ոչ թե Հանրապետական կուսակցություն է կամ խմբակցություն, այլ նրա ուրվականը, և այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող»։

Ն. Փաշինյանը ՀՀԿ-ի պատգամավորներին մեղադրեց հակապետական ռիտորիկայի անցնելու մեջ, որ նրանք փորձել են շարժման աշխարհաքաղաքական դավադրություն լինելու մասին ահազանգեր ուղարկել տարբեր ուղղությամբ։ Ըստ նրա՝ այդ հայտարարությունները ոչ միայն ուղղված են ՀՀ անվտանգությանը, այլև նպատակ ունեն խաթարել Հայաստանի և մի շարք բարեկամ երկրների հարաբերությունները, որ թշնամանք առաջանա։ Մութ ուժերի սցենարի մասին ակնարկներ անողները, Փաշինյանի կարծիքով, այնքան են կտրված ժողովրդից, որ մտածում են, թե  ժողովուրդը չի կարող այդքան հզոր լինել, և դա վիրավորանք է ժողովրդին։

Ն. Փաշինյանի խոսքով՝ ոչ մի պայթյունավտանգ իրավիճակ գոյություն չունի, քանի որ չկա ուժերի որոշակի հարաբերակցություն, այլ կա ժողովուրդ՝ մի կողմից, ՀՀԿ 20-25 պատգամավոր՝ մյուս կողմից, և ՀՀԿ վերնախավ, որ ուզում է ապացուցել, թե իրենք միասնական են։ Նա կոչ արեց չխոսել ցնցումների կամ բախումների մասին. «Չի լինելու ոչ մի բախում, չի լինելու ոչ մի ցնցում, որովհետև ժողովրդի դեմ կանգնած ուժ չկա, որպեսզի բախումը թեկուզ տեսականորեն լինի հնարավոր»։

Ն. Փաշինյանն արձանագրեց, որ ՀՀ-ին և Արցախին սպառնացող վտանգի դեպքում այս համաժողովրդական շարժումը լծվելու է հայրենիքի պաշտպանությանը։ Նա ուշադրություն հրավիրեց, որ ՀՀԿ որոշ պատգամավորներ առավոտից ԱԺ ամբիոնից տարածում են ադրբեջանական քարոզչության նյութերն ու տեղեկությունները՝ փորձելով խուճապ առաջացնել ՀՀ ժողովրդի շրջանում։ Փաշինյանը հարցադրում արեց՝ դա ի՞նչ է, եթե ոչ՝ ուղիղ գործակցություն Ադրբեջանի հետ, և օգնության հուսահատ կանչ՝ ուղղված Ադրբեջանին և նրա առաջին դեմք Իլհամ Ալիևին. «Սա Հանրապետական խմբակցության ինքնաոչնչացման ամենավերջին կատեգորիան է»։

Ն.Փաշինյանը կոչով դիմեց ՀՀԿ-ականներից յուրաքանչյուրին՝ չհատել սահմանը, քանի որ չկա տարբերակ, որ համաժողովրդական շարժումը չհաղթի, ՀՀԿ-ն խաղում է ընդամենը ժամանակի վրա, և դա արժանապատիվ չէ։

Անդրադառնալով Արմեն Աշոտյանի հայտարարությանը, թե Փաշինյանը դարձել է հայկական Նելսոն Մանդելա, իսկ Գևորգ Կոստանյանն աղետ է ներկայացնում կառավարման փորձ չունենալը, Ն.Փաշինյանը ասաց, որ Մանդելան 20-րդ դարի ամենահեղինակավոր գործիչներից մեկն է ամբողջ աշխարհում, երկրի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 26 տարի բանտում լինելուց հետո, ու Հարավային Աֆրիկայում չկար Գևորգ Կոստանյանի նման մեկը, որ ասեր, թե ում եք վստահում կառավարման ղեկը։

Ն.Փաշինյանը կրկնեց, որ իրենց մտադրությունն ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն ձևավորելն է, ինքը պատրաստ է խորհրդակցությունների շարք սկսել՝ խնդիրները լուծելու նպատակով։ Նաև կրկնեց, որ կադրային ջարդ, կլանային մոտեցումներ, խմբային շահերի սպասարկում չի լինելու։

«Սկսվում է մի նոր փուլ, որտեղ մեզնից յուրաքանչյուրն ըստ էության զրոյից սկսելու և համաժողովրդական այս զարթոնքի համահեղինակ դառնալու հնարավորություն ունի»,- ասաց Ն.Փաշինյանը՝ յուրաքանչյուրին կոչ անելով միանալ համաժողովրդական զարթոնքին։

 

Տեսանյութեր

Լրահոս