«Իշխանությունը հրաժարվում է սոցիալական կյանքի պարտավորությունից». Հրանուշ Խառատյան

«Սահմանադրությամբ վարչապետն ԱԺ ազդեցությունից լիակատար դուրս չէ, որովհետև, ի վերջո, կա վարչապետին անվստահություն հայտնելու հոդված, և թվում է, թե բավականին էլ տանելի պայմաններով է, այսինքն՝ եթե ԱԺ պատգամավորների 1/3-ը կարողանա դա ներկայացնել»,- այսօրվա քննարկման ժամանակ այս մասին ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը՝ նկատելով, որ մյուս կողմից էլ՝ հարց է, թե ինչպես կձևավորվի կառավարությունը, ինչպես է ընտրության արդյունքում ձևավորվում խորհրդարանական մեծամասնությունը, և որքանով է այդ մեծամասնությունն իրականում իշխում այն բոլոր կառույցների վրա, որոնց պարագայում անհրաժեշտության դեպքում հնարավորություն կունենա անվստահություն հայտնել կառավարությանը։

«Գործնականում դա դառնում է անլուծելի խնդիր, որովհետև խորհրդարանական փոքրամասնությունը երբեք չի կարող նման քայլ անել»,- նկատեց նա։

Ազգագրագետի խոսքով՝ Սահմանադրությունը փաստացի իշխանությունների վրա նույնիսկ նվազագույն պարտավորություններ չի դնում, այլ ուղղակի ձևավորում է իշխանությունների՝ իրենց հայեցողությամբ խուսանավելու հնարավորությունները. «Օրինակ՝ Սահմանադրության 84-րդ հոդվածն ասում է, որ այս երկրում ամեն մարդ արժանապատիվ գոյության իրավունք ունի։ Այդ հոդվածը 2 կետ ունի. հաջորդ կետն ասում է, որ նվազագույն աշխատավարձը սահմանվելու է օրենքով։ Նույնիսկ չի ասում, որ նվազագույն աշխատավարձը չի կարող արժանապատիվ գոյության հնարավորությունից ցածր լինել։ Այսինքն՝ կարող է նվազագույն աշխատավարձը 10 դրամ լինել, իսկ արժանապատիվ գոյության համար 100 դրամի կարիք ունենալ, բայց դա պարտադրված չէ, Սահմանադրությունը չի պարտադրում»։

Խառատյանն ընդգծեց՝ մեր պետության հիմնական նպատակների մասին Սահմանադրության 86-րդ հոդվածի որ կետը նայում ես՝ լացդ գալիս է, ազատ լողալու հնարավորություն է տրված. «Գրված է, որ պետությունը կարող է խթանել բնակարանային շինարարությունը, բայց կարող է և չխթանել, պետությունն ամեն ինչը խթանում է։ Այս Սահմանադրությունը կետ առ կետ որ նայում եք՝ պարտադրանքից բացարձակապես գլուխն ազատած է։ Նշված են նպատակներ, բայց որևէ պարտադրանք չկա։ Պետության քաղաքական հիմնական նպատակում նույնիսկ գրված չէ՝ պարտավորություն՝ պետության կրթական որակի բարձրացման մասին, ուղղակի գրված է, որ պարտավորություններից մեկը բարձրագույն կրթությունում անվճար տեղեր ստեղծելն է։ Հասկանո՞ւմ եք՝ սա զարգացման Սահմանադրություն չէ, սա երկրում աշխատելու Սահմանադրություն չէ, սա ընդամենը խոսքերի շարան է, որը բոլորովին չի համապատասխանում սոցիալական պետություն կոչվածի սկզբունքներին»։

Հետևաբար՝ ազգագրագետը կարևորում է, որ հանրային գիտակցությանը հասնի այս խնդիրը՝ իշխանությունը հրաժարվում է սոցիալական կյանքի պարտավորությունից. «Անընդհատ գրվում է, որ մարդն իրավունք ունի, բայց այդ իրավունքի իրացման մեխանիզմն իշխանության ձեռքին է, չէ»։

Տեսանյութեր

Լրահոս