«Քարը քցել ենք փոսը, հիմա բոլոր խելոքներով հավաքվել ենք, փորձում ենք մեղմել այս իրավիճակը». Մանե Թանդիլյան
Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀԿ-ական պատգամավորներն առաջարկում են փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում: Առաջարկվող փոփոխություններից մեկը վերաբերում է ուղևորափոխադրումների հարկային բեռին:
«Մենք առաջարկում ենք արտոնագրային հարկի դրույքաչափը, փոփոխություն կատարելով, դարձնել այնքան, որ դա լինի նույնիսկ նվազ, քան նրանք վճարում էին 2016-17 թվականներին հաստատագրված վճարով: Դրանով նաև փորձում ենք լուծել այն խնդիրը, որ կարղ էր առաջանալ՝ սեղմված գազի սակագնի բարձրացման հետ կապված»,- ԱԺ նիստի ժամանակ նշեց նախագծի հիմնական զեկուցող Խոսրով Հարությունյանը:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցով դիմեց Խ. Հարությունյանին. «Նախկինում եթե մի ավտոբուս ուներ 28 ուղևորատեղ, ամսական վճարում էր 28 հազար դրամ, արտոնագրային հարկի դեպքում՝ դարձել էր 56 հազար դրամ, ըստ ձեր առաջարկի՝ ինչքա՞ն է դառնում կոնկրետ 28 ուղևորատեղ ունեցող տրանսպորտային միջոցի ամսական վճարը»:
Խ. Հարությունյանը նշեց, որ ինքն ունի Երևանի քաղաքապետարանի տրամադրած տվյալները: Նրա խոսքով՝ եթե 2017 թվականին գործող հաստատագրված վճարով՝ 13 տեղանոց միկրոավտոբուսներն ամսական վճարում էին 33800 դրամ, իրենց առաջարկած փոփոխությամբ՝ վճարելու են 29900 դրամ, և եթե իրենց առաջարկը չանցնի, վճարելու են 39000:
«Ակնհայտորեն այս նախաձեռնությունն ուղղված է մեղմելու ակցիզային հարկի բարձրացման ազդեցությունը: Այսինքն՝ մենք կատարել ենք մի քայլ, որի ազդեցությունն իր մուլտիպլիկատիվ էֆեկտով գների թանկացման վրա է ազդում, ու հիմա մանր լուծումներ ենք անում՝ փորձ անելով ցույց տալ, թե խնդիր ենք լուծում: Իրականում, քարը քցել ենք փոսը, հիմա բոլոր խելոքներով հավաքվել ենք, փորձում ենք մեղմել այս իրավիճակը: Ավելի ճիշտ չէ՞ր լինի՝ ակցիզային հարկի դրույքաչափերը պահել»,- հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:
Ի պատասխան՝ Խ. Հարությունյանն ասաց, որ Հարկային օրենսգրքով ակցիզային հարկերի դրույքաչափերի փոփոխությունը ոչ թե նպատակ էր հետապնդում բյուջե հավելյալ ռեսուրսներ ներգրավելու, այլ՝ հիմնականում տնտեսվարողների բոլոր ծախսերն ավելի կոմպենսացնելու. «Այսինքն՝ նպատակը բացարձակապես չի եղել ֆիսկալ, այլ եղել է՝ փորձել այդ բեռն արտոնությունների առումով կոմպենսացնել»: