«Երկկողմ և բազմակողմ բանակցություններ պետք է տարվեն Հայաստանին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուն միացնելու համար». Ցինցաձե

«Հայաստանի մասնակցությունը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուն կարող է բանակցության առարկա դառնալ ԼՂ հակամարտությունից առանձին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանի Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր, վրացի քաղաքագետ Սոսո Ցինցաձեն՝ անդրադառնալով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման հարցին:

Հիշեցնենք, որ նախօրեին Բաքվում սկսվեց Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացման արարողությունը, որին մասնակցեցին Թուրքիայի, Ադրբեջանի նախագահները, Վրաստանի վարչապետը։ Նշենք, որ 2007թ. փետրվարի 7-ին Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան ստորագրեցին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային միջանցքի ստեղծման մասին միջկառավարական համաձայնագիր: Ծրագիրը ներառում է 98 կմ երկարությամբ Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարությունը, որից 68 կմ-ն անցնելու է Թուրքիայի տարածքով, 30 կմ՝ Վրաստանի տարածքով, ինչպես նաև՝ Վրաստանում Ախալքալաք-Թբիլիսիի 183 կմ երկարությամբ հատվածի վերակառուցումը:

Վրացական հատվածի շինարարությունը ֆինանսավորում է Ադրբեջանը, որը Վրաստանին տրամադրել է երկու արտոնյալ վարկ` ընդհանուր 775 միլիոն դոլար:

Թուրքիայի տրանսպորտի, նավագնացության և կապի նախարար Ահմեդ Արսլանն ամռանը հայտարարել էր, որ երկաթուղով հնարավոր կլինի տարեկան 34-35 մլն տոննա բեռ փոխադրել:

«Նախնական փուլում ԲԹԿ-ն նախատեսում է տեղափոխել մինչև 1 միլիոն ուղևոր և 6,5 միլիոն տոննա բեռ: Մեր միջնաժամկետ նպատակն է՝ այդ միջանցքով հասնել մինչև 20-22 միլիոն տոննա բեռնափոխադրումների»,- ասել էր Արսլանը։

Ցինցաձեն ասաց, որ տարածաշրջանի համար սա բավականին լուրջ տնտեսական պրոյեկտ է, որը հնարավոր դարձավ իրագործել Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական կապերի, խնդիրների բացակայության շնորհիվ: Ըստ վրացի վերլուծաբանի, բացի այս երեք ուղղություններից, երկաթուղին հեռանկարային է, քանի որ տարածաշրջանը կարող է կապել Եվրոպային, Չինաստանին, ԵՏՄ-ին` Ղազախստանին:

«Սա լուրջ տնտեսական պրոյեկտ էր, որի ուղղությամբ վերջին տարիներին ակտիվորեն աշխատում էին տարածաշրջանի երեք երկրները: Նույնիսկ առաջարկներ են հնչում, որպեսզի սրան միանա Ռուսաստանը, որի նպատակն ինձ համար անհասկանալի է, սակայն Հայաստանի ներգրավումն այս պրոյեկտում հրատապ հարց է, որը, բացի տնտեսական խնդիրներից, առնչվում է լրջագույն քաղաքական, աշխարհաքաղաքական խնդրի հետ, ինչպիսին ԼՂ հակամարտությունն է, որը թույլ չի տալիս տարածաշրջանին զարգանալ հավասարապես, և որի պատճառով, ցավում եմ, Հայաստանը դուրս մնաց այս պրոյեկտից, բայց ես պնդում եմ, որ երկաթուղին պետք է ծառայի տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց, այդ թվում՝ հայերին մեծ օգուտներ բերելով, ուստի չորս երկրների իշխանությունները պետք է քայլեր ձեռնարկեն այս հեռանկարն իրագործելու ուղղությամբ, ինչն անհնար չէ:

Պետք է քայլեր ձեռնարկել լայս հակամարտությունը լուծելու ուղղությամբ, քանի որ այն կվերացներ տարածաշրջանում ստեղծված այս բարդ իրավիճակը, չեզոքացնելով Հայաստանի շրջափակումը, որից տուժում է նաև Վրաստանը, որը չափազանց լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, և ստացվում է, որ այնպիսի իրավիճակում է հայտնվել, որ ոչինչ չի կարող անել Հայաստանին տարածաշրջանային այս պրոյեկտներին միացնելու ուղղությամբ, քանի որ կա չկարգավորված հակամարտություն, իսկ Ադրբեջանը դեմ է Հայաստանի մասնակցությանն այդ պրոյեկտներին»,- ասաց Ցինցաձեն:

Վերջինիս կարծիքով, այնուամենայնիվ, Հայաստանի մասնակցությունը կարող է տեսականորեն դառնալ բանակցության առարկա ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացից առանձին: «Քաղաքական գործիչները պետք է մտածեն այս մասին, բարձրացնելով այս հարցը, տարբերակներ առաջարկելով Ադրբեջանին: Ըստ իս, կարող են տեղի ունենալ և երկկողմ, և բազմակողմ բանակցություններ, կախված իրավիճակից և Ադրբեջանի դիրքորոշումից, սակայն Ադրբեջանը հայտնել է իր դիրքորոշումը հրապարակային: Կարծում եմ՝ կուլիսային բանակցություններ Ադրբեջանի իշխանությունների հետ հնարավոր են՝ Հայաստանին այս պրոյեկտին միացնելու թեմայի շուրջ»,- նկատեց Ցինցաձեն:

Ըստ նրա՝ այս հարցի առնչությամբ բարդություններ կան, որոնցից մեկն այն է, որ Ադրբեջանի իշխանությունները սա կարողանան բացատրել իրենց հասարակությանը, մյուսը՝ այն, որ Վրաստանի միջնորդությունը գուցե հաշվի չառնվի, քանի որ Վրաստանը որոշակի կախվածություն ունի Ադրբեջանից: Վրացի վերլուծաբանի համոզմամբ, եթե ոչ ավանդական տարբերակները հաջողության չհասնեն, և Հայաստանը չկարողանա միանալ պրոյեկտին, ապա ԼՂ հակամարտության կարգավորումից հետո Հայաստանի ներագրավման հարցը տարածաշրջանի առաջնահերթ խնդիրներից մեկն է լինելու՝ առաջին հերթին՝ Վրաստանի համար, որովհետև Վրաստանը Հայաստանի մասնակցությունից կշահի:

Տեսանյութեր

Լրահոս