«Այսօր սահմանափակում չկա, որևէ դեպք չկա, որ որևէ մեկը ցանկանա շաքարավազ ներկրել և հարկային մարմինը խոչընդոտ լինի». Վարդան Հարությունյան
«Մեկ տարի առաջ հնչեցրել եմ, որ պայքարելու ենք ստվերի դեմ: Այսօր կարող եմ ասել, որ այն, ինչ խոստացել եմ, կատարում եմ և կատարելու եմ: Այսօրվա բյուջեի կատարողականի թվերը դրա ապացույցն են, որովհետև առանց ստվերի դեմ պայքարելու, դժվար թե մենք ունենայինք նման հաջողություններ, դժվար թե դրված թիրախին հասնենք, և միգուցե դրված ցուցանիշներից ավելի ապահովենք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը՝ անդրադառնալով ստվերի դեմ պայքարին:
Խոշոր բիզնեսում ստվերի դեմ ՊԵԿ-ը պայքարի վերաբերյալ Հարությունյանը նշեց, որ մեծածախ առևտրով է պայմանավորված մանրածախ առևտուրը և, պայքարելով մանրածախի դեմ, իրենք մեծածախում են ստվերը կրճատում նաև, որովհետև մեծածախ առևտրականից գնում է մանրածախ առևտրականը և վաճառում է.
«Եթե այդ փաստաթղթաշրանառությունը մենք ընդհատում ենք, դրանով նպաստում ենք նաև, որ մեծածախ առևտրում ունենանք ստվեր: Ե’վ մեծածախում կա, և’ մանրածախում, բաց մանրածախում ստվերն ավելի շատ է»:
Վ.Հարությունյանը նշեց, որ ներկրողների թիվն ավելացել է, բայց թե ինչու գները չեն նվազում, հորդորեց այդ հարցն իրեն չուղղել.
«Ես պարտավոր եմ ապահովել, որ սահմանում կամ հարկային բլոկում որևէ մեկն արտոնություն չունենա: Գների կարգավորումը հարկային, մաքսային մարմինների վրա դրված չէ: Այսօր սահմանափակում չկա, որևէ դեպք չկա, որ որևէ մեկը ցանկանա շաքարավազ ներկրել և հարկային մարմինը խոչընդոտ լինի: Եթե կա, խնդրում եմ, ինձ ասեք, մեզ օգնեք»: