
«Կառավարությունը վարում է ոչ թե աղքատության նվազեցման, այլ աղքատության մեծացման քաղաքականություն». Նիկոլ Փաշինյան

Հաջորդ տարվա բյուջեով կենսաթոշակներն ու նպաստները չեն բարձրացվել, բայց այս 2 տարվա տվյալով ունենք ընդհանուր 6.7% գնաճ: Ինչպես այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ նշեց Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, եթե թոշակներն ու նպաստները չեն բարձրացնում, սա նշանակում է, որ կառավարությունը վարում է ոչ թե աղքատության նվազեցման, այլ աղքատության մեծացման քաղաքականություն: Նա ուշադրություն հրավիրեց, որ 2018 թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտնելու մաքսային նոր դրույքաչափերը, որոնք բարձրացնելու են լայն սպառման ապրանքների գները և բյուջեն այս առումով ոչ ադեկվատ է:
«Համը բերաններն է մնացել վերջին ընտրություններից, որ որքան մարդիկ անպաշտպան են, այնքան հեշտ է նրանց տանել ընտրատեղամաս»,- ասաց Ն. Փաշինյանը:
Խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի խոսքով` հաջորդ տարի հարկային բեռն ավելանալու է, այդ թվում` քաղաքացիների համար գործելու է նաև կուտակային կենսաթոշակային հարկը. «Մի կողմից ունենք հարկային բեռի ավելացում, ունենք գնաճ, բայց չունենք թոշակների ավելացում: Մեզ շատ լուրջ ճգնաժամային տարի է սպասվում»: