«Գարնանը մսի գինը 5000 դրամ կլինի». Հրաչ Բերբերյանը նախազգուշացնում է
«Դեռ տարեսկզբից ասել ենք, որ տարին այդքան էլ բարեհաջող չէ գյուղատնտեսության համար։ Ձմռանն ունեցանք լուրջ ցրտահարություններ, որոնք բերեցին պտղի, խաղողի բերքի անկմանը։ Այստեղ ոչ ոք մեղք չուներ, իրոք ունեցանք երկարատև խիստ ձմեռ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։
Բերբերյանի խոսքով՝ դեռ հուլիս ամսից սկսված երկարատև երաշտը, որը, ըստ նրա՝ տևեց մինչև սեպտեմբերի վերջ, արեց իր սև գործը․«Ե՛վ բանջարաբուծության մեջ, և՛ տեխնիկական կուլտուրաներում, բնականաբար, այն բերքը չունեցանք, որը սպասում էինք։ Իսկ երաշտի հիմնական վնասն անասնակերի կուտակումն էր, մենք ունեցանք չորացած արոտավայրեր, որտեղ գյուղացին չէր կարողանում կերի կուտակում անել»։
Ըստ նրա՝ Գյուղնախարարությունը մոռացել էր՝ երաշտն ինչ է․ «Այդ ժամանակ պետք է միջոցառումներ անցկացվեին։ Պետք է բացատներից հնձեին կանաչ խոտը և կուտակեին, մասսայական հունձ պետք է կազմակեպվեր, որ մեղմացնեին այս վիճակը, բայց չարեցին»։
Հետևաբար, Ագրարագյուղացիական միավորման նախագահի դիտարկմամբ՝ եթե ձմեռվա ցրտահարության հետ կապված մեղավորներ չկան, ապա անասնակերի կուտակման հետ կապված կարելի էր մեղմացնել վիճակը, որը չարվեց․
«Անասնապահությունը բարձիթողի վիճակում է։ Հենց նույն Գյուղնախարարությունում չեն հասկանում՝ անասնապահությունը գյուղատնտեսության ճյո՞ւղ է, թե՞ ոչ։ Կան տարածված հիվանդություններ, որոնց խնդիրը չի լուծվում։ Էլ չեմ ասում՝ անասնակերի խնդիրը։ Եթե նախորդ տարի մեկ հակ խոտը կարելի էր ձեռք բերել 400-600 դրամով, ապա այսօր այն 1200-2000 դրամ է՝ ըստ խոտի որակի և հակի ծավալի։ Բնականաբար, դա պետք է ազդեր մսի գնի վրա»։
Բերբերյանն ասաց, որ գրավոր դիմել են վարչապետին՝ առաջարկելով օգնություն խնդրել ԱՄՆ-ից, ՌԴ-ից և մյուս երկրներից ու խոշոր կազմակերպություններից. «Եթե դրսից մեզ անասնակերով չօգնեն, հավատացեք, 30-40% անասունների գլխաքանակի կորուստ ենք ունենալու։ Վարչապետից դեռ պատասխան չենք ստացել, կարծում եմ՝ սրանով պետք է ԱԳՆ-ն զբաղվի, որովհետև միջազգային կազմակերպությունների հետ է աշխատանքը։ Գոնե այդ անասնակերը բերենք, անվճար բաժանենք գյուղացուն, թե չէ գարնանը կունենանք 5000 դրամանոց միս»։