Սերժ Սարգսյանի արձագանքը կասկածի տակ է դնում Սարգսյան-Ալիև հանդիպման հնարավորությունը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը, որ այսօր մեկնում է Սոչի ԵՏՄ ու ԱՊՀ անդամ երկրների ղ եկավարների հանդիպմանը մասնակցելու, նախօրեին բավականին կոշտ հայտարարությամբ է արձագանքել ղարաբաղյան կարգավորման բանակցությունը վերսկսելու մասին Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտարարությանը:

Սերժ Սարգսյանն արձագանքել է իհարկե իր խոսնակի միջոցով, բայց դրանից, իհարկե, արձագանքի անմիջական կոշտությունը չի նվազում, և գուցե հակառակը: Իսկ Ալիևը ինչպես հայտնի է՝ ասել էր, որ Հայաստանի նախապայմանները մերժվել են, և բանակցությունները վերսկսվում են առանց դրա:

Այլ կերպ ասած, Ալիևը հայտարարել էր, որ Հայաստանը գալիս է բանակցելու Ադրբեջանի թելադրանքով: Եվ ահա Սերժ Սարգսյանը ոչ միայն հայտարարում է, որ Երևանը հետքայլ չի կատարի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի օրակարգից, այլ Ալիևին ուղղում է խայտառակությամբ բնորոշվող մի շարք արտահայտություններ, որոնք, ըստ էության, հարց են առաջացնում, թե այդքանից հետո ինչպե՞ս և ի՞նչ մթնոլորտում է տեղի ունենալու Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպումը, որի նախաձեռնությանը հավանություն տալու մասին հայտարարել էին Մինսկի խմբի համանախագահները:

Սերժ Սարգսյանի արձագանքը ոչ միայն Սոչիում, այլ երևի թե ընդհանրապես կասկածի տակ է դնում Սարգսյան-Ալիև հանդիպման հնարավորությունը: Ըստ այդմ էլ հարց է առաջանում, թե արդյոք դա կարող է բերել որոշակի նոր սրացումների և սադրանքների՝ սահմանին:

Ըստ այդմ, եթե հանդիպումը կասկածի տակ է հայտնվում, կամ կասկածի տակ է հայտնվում փոխըմբռնման որոշակի մթնոլորտը, առաջանում է հարց, թե դա ինչպես կանդրադառնա սահմանին: Սակայն մյուս կողմից կա մեկ այլ հանգամանք՝ որքանո՞վ է սահմանին լարվածության նվազումը պայմանավորված Սարգսյան-Ալիև հանդիպման կազմակերպման գործընթացով և համաձայնեցմամբ, և որքանով է լարվածությունը պայմանավորված պարզապես հայկական զինված ուժերի պատրաստվածության և ռազմատեխնիկական համալրման, դիրքային ապահովվածության, սարքավորումների շնորհիվ, որոնք էապես նվազեցրել են Ադրբեջանի սադրանքների հնարավորությունը:

Բանն այն է, որ գուցե այդ հանգամանքը կարող է Սերժ Սարգսյանին հնարավորություն ընձեռել առավել համարձակ լինել այսպես ասած քաղաքական ասպարեզում և Ալիևի հայտարարություններին հակադարձել կոշտ պատասխանով, թույլ չտալով դիրքային առավելության հասնել նաև քարոզչական ասպարեզում:

Համենայնդեպս, կարծես թե առաջին անգամ է, որ Սարգսյանն այդ առումով կոշտ է արձագանքում Ադրբեջանի նախագահի հայտարարությանը և արձագանքում է այսպես ասած նախագահականի մակարդակում, ոչ թե արտաքին գործերի նախարարության և այն էլ փոխարտգործնախարարի, ինչպես լինում է սովորաբար:

Դա իհարկե մի կողմից կարող է նշանակել, որ Ալիևն իր հայտարարությամբ բավական անհանգստացրել է հայկական կողմին, մյուս կողմից, իհարկե կարող է վկայել հայկական կողմի ինքնավստահության մասին: Այստեղ իհարկե հարցն այն է, ինչպես նկատել են արդեն որոշ փորձագետներ, թե արդյոք Սարգսյանի նման կոշտ, արագ արձագանքը պայմանավորված էր նրանով, որ Ալիևի հայտարարության մեջ արձանագրվել է Սոչիում որևէ քայլի մտադրություն, և ըստ այդմ՝ Սարգսյանը փորձել է ձեռնարկել այսպես ասած համարժեք կանխարգելիչ քայլեր, անելով այդպիսի հայտարարություն և տալով կոշտ պատասխան: Թե՞ Սոչին չունի նշանակություն, և Սարգսյանը պարզապես օպերատիվ կերպով արձագանքել է Ալիևին:

Մյուս կողմից բացառված չէ և այն, որ Սերժ Սարգսյանի կոշտ արձագանքը պայմանավորված է մեկ այլ հանգամանքով: Բանն այն է, որ Սարգսյան-Ալիև հնարավոր նոր հանդիպումից առաջ՝ Սոչիում, թե այլ տեղ, ռուսական մամուլում ու ադրբեջանական պաշտոնական որոշ շրջանակներում հրապարակումներ և հայտարարություններ եղան այն մասին, որ հանդիպմանը քննարկվելու է այսպես ասած «Լավրովյան պլանը»: Թե ինչ է ենթադրում այդ պլանը, հայտնի է վաղուց»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս