«Առաջարկում են՝ մի հատ խիար, ուրիշ ընտրելու տարբերակ չունես». Արամ Մանուկյան

Այսօր «Հոդված 3» ակումբում կազմակերպված «Կուսակցականացված դպրոցներ. սերունդներ կրթո՞ղ, թե՞ կուսակցություններին ծառայող կրթօջախներ» թեմայով քննարկման ժամանակ «Հայ ազգային կոնգրես» կուսակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասաց, որ Հայաստանի կրթական համակարգն ամբողջովին կուսակցականացված է, ինչը քանդում է նաև քաղաքական դաշտը։

«2 տարի փոխնախարար եմ աշխատել, համակարգում 35 հազար աշխատող կար։ Ոչ մի մարդ աշխատանքից չի ազատվել, ոչ մի մարդ կուսակցական չի դարձել։ Ես 2008թ. մարտի հանրահավաքների ժամանակ հազարներով ՀՀԿ-ի տոմսեր էի հավաքում, կիլոգրամներով բերում էին։ Սրանց մտածողությունն այնքան սահմանափակ է, որ մտածում են՝ ինչքան շատ մարդ լինի կուսակցության մեջ, այնքան ուժեղ են։ Ես ուսուցիչներ գիտեմ, որ 3 անգամ ընդգրկվել են ՀՀԿ-ի մեջ, ամեն անգամ ասում էին՝ մի հատ նկար բեր, դու գործ չունես, և 3 անգամ այդ մարդիկ դառնում էին ՀՀԿ անդամ։ Եթե հաշվես, թե այս ընթացքում ինչքան մարդ են ընդունել ՀՀԿ-ի շարքերը, ՀՀ բնակչության թիվն անցնում է։ 1400 դպրոցից 1100 քանիսի տնօրենները հանրապետական են։ Սա միակուսակցականություն է, սա բոլշևիզմ է»,- նկատեց Մանուկյանը։

Նրա դիտարկմամբ՝ կուսակցականացված համակարգը 100%-ով գրավել է կրթական համակարգը. «Բուհերի ծախսերի 80 տոկոսը ծնողներն են անում, պետությունը մասնակցում է 15 տոկոսով։ Այդ ծնողների տված փողերից պարտադիր ամեն բուհ 2 տոկոս տալիս է Հայաստանի երիտասարդական հիմնադրամին, որ ինքը «բազեներ» կազմակերպի, ՀՀԿ-ի դաշտն ընդլայնի։ Եղել է մի վիճակ, որ պետք է պարտադիր ՀՀԿ-ի խողովակով անցնես։ Արդյունքում՝ մեր կրթական համակարգը քանդվում է»։

Արամ Մանուկյանի խոսքով՝ կրթական համակարգը չունի ո՛չ ղեկավարում ունի, ո՛չ ինքնակառավարում, ո՛չ ազատություն. «Բոլոր ուսանողական խորհուրդները, բոլոր ղեկավարման համակարգերն այս ճնշման տակ են։ Բնականաբար, սա ոչ միայն քանդում է կրթական համակարգը, այլև քանդում է քաղաքական դաշտը, որովհետև չես ունենում ընտրություն։ Մի մարդ ասում էր՝ երբ գնում ես շուկա ու ցանկանում ես վարունգ գնել, քեզ առաջարկում են մի հատ խիար և ասում են՝ ընտրի։ Հիմա սա է՝ առաջարկում են՝ մի հատ խիար, ուրիշ ընտրելու տարբերակ չունես: Այսինքն՝ ՀՀԿ-ն այսօր քո ընտրության միակ տարբերակն է։ Դա թույլ է տալիս ոչ միայն կրթական համակարգը ոչնչացնել, այլ ուղղակիորեն ոչնչացնել քաղաքական համակարգը»։

Տեսանյութեր

Լրահոս