«Մենք ենք որոշում քննարկումները ոնց տեղի կունենան, ինչ տոնայնությամբ». Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀԿ-ին

«Ելք» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել Էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը` քննելու ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանի վարքագիծը, որը բռունցքներով հարձակվել էր Նիկոլ Փաշինյանի վրա: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց խմբակցության ղեկավար Ն.Փաշինյանը` նշելով, որ ինքն ի սկզբանե հակված չէր տեղի ունեցածին քաղաքական երանգ հաղորդելու, բայց երբ ՀՀԿ-ն հստակ գնահատականներ չտվեց, ստիպեց մտածել, որ տեղի ունեցածում ավելի մեծ քաղաքական երանգ կա:

«ՀՀԿ-ն ինքն էլ արձանագրում է, որ հետագա բանավեճերը նույն արդյունքն են ունենալու: Իրենք էլ այս թնջուկը լուծելու փնտրտուքի մեջ են»,- ասաց Ն.Փաշինյանը:

Խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի խոսքով` այս ԱԺ-ն չպետք է դառնա հին քաղաքական մշակույթի կրողը և ներմուծի հին ավանդույթները. «Էթիկայի հանձնաժողովը պետք է անպայման ստեղծվի և հարցը քննարկվի: Նոր արժեհամակարգ պետք է ներմուծվի, որ քաղաքական անհամաձայնությունները չեն կարող լուծվել ծեծկռտուքով»:

«Սա քաղաքական հարց է և պետք է ունենա քաղաքական լուծում ու քաղաքական հետևանք»,- ասաց Ն.Փաշինյանը` հավելելով, որ իրավապահներին դիմելու անհրաժեշտություն չի տեսնում: Ըստ նրա` այս միջադեպում տուժող չի, սա ոչ թե տուժող և հարձակվող, այլ հարձակվող և կարգի բերող հարաբերություններ են:

Փաշինյանի տպավորությամբ` Գեղամյանին «կաթիլ-կաթիլ որպես անհեռանկար մարդու բրդել են առաջ», ներքին պրովոկացիայի արդյունքում ստացել են ինչ-որ միջադեպ, որի նպատակն այն է, որ «Ելքն» իր շեշտադրումները, տոնայնությունները, հարցերին մոտեցումները փոխի, սակայն ինչպես իրերը կոչել են իրենց անուններով, այնպես էլ շարունակելու են կոչել, երբեմն նաև ազգանուններով. «Նրանց մտավախությունն այն է, որ բանավեճում պարտությունը կդառնա ներքաղաքկան պայքարում պարտություն»:

«Հանրապետականները խոսում են քաղաքական կոռեկտությունից, բայց երբ Սերժ Սարգսյանը Գեղամյանին դատարկ դհոլ էր ասում, քաղաքական կոռեկտությունը մոդա չէ՞ր: Ո՞վ է քաղաքական կոռեկտրության դասեր տալիս: Մենք ենք որոշում քննարկումները ոնց տեղի կունենան, ինչ տոնայնությամբ: Այո, մենք տոն ենք տալիս ԱԺ աշխատանքներին և շարունակելու ենք տոն տալ: Եթե որևէ մեկը ուզում է մեր բանավեճում պատշաճ ներկայանա, թող մտածի իր կրթական ցենզը բարձրացնելու մասին»,- ասաց Փաշինյանը:

Տեսանյութեր

Լրահոս