«Մի ջահելի և ահելի պատմություն էր». Աղվան Վարդանյանը՝ Փաշինյան-Գեղամյան ծեծկռտուքի մասին
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն անցած շաբաթվա կարևոր իրադարձություն է համարում ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի փոքր հաղթանակը դատարանում, որը նա պայմանավորում է կոնկրետ տվյալ դատարանի դատավորի մարդ լինելով:
«Սա իսկապես ուշագրավ իրադարձություն է»,- այսօր Աժ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Շաբաթվա «չիրադարձությունը», ըստ նրա, ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի և Արտաշես Գեղամյանի միջև տեղի ունեցած տհաճ և անդուր միջադեպն էր.
«Նման միջադեպերը ոչ միայն դատապարտելի են, այլ կարող եմ ափսոսանք հայտնել, որ մարդիկ կարող են դառնալ չափազանց կանխատեսելի: Մի ջահելի և ահելի պատմություն էր, մնացածը, կարծում եմ, մեր կանոնակարգը հնարավորություն տալիս է հարցին անդրադառնալ իրավական տեսանկյունից»:
Անդրադառնալով նոյեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին` Ա.Վարդանյանը տեղեկացրեց, որ իրենց մասնակցությունը հիմնականում լինելու է ավագանիների կարգավիճակով:
Երկրում իրավիճակի փոփոխության առաջին նշանը Ա.Վարդանյանի կարծիքով` մեր դատական համակարգում փոփոխություններն են.
«Հաջորդ տարի մենք կունենանք բոլորովին այլ դատական համակարգ, ոչ կախյալ: Սահմանադրական մեխանիզմը մենք ստեղծել ենք և դատարանները ոչ թե ֆորմալ, այլ իրավական առումով անկախ են դառնալու: Եվ սա Դաշնակցության նախաձեռնություններից, պնդումներից մեկն է: Դատական համակարգի ձևավորման բոլորովին նոր մեխանիզմներ են ստեղծվել»: Ա.Վարդանյանը համեմատություն անցկացրեց Հայաստանի և Իսրայելի անկախության առաջին 25 տարիների միջև:
Ըստ նրա` զարմանալիորեն նրանք ևս 25-րդ տարում նույն իրավիճակում են եղել ինչ Հայաստանն է` կոռուպցիա, դատական համակարգի կախյալություն և այլն, և այդ ժամանակ բախվել է 6-օրյա պատերազմի, որից հետո հասարակությունը զանգվածաբար դժգոհել է իրավիճակից և այդ շրջանում նրանք իսկապես գնացել են արմատական, որակական փոփոխությունների, որի արդյուքնում 25-րդ տարուց հետո բոլոր սլաքները շեշտակի վեր են բարձրանում: Նկատելով, որ մեր 25-րդ տարում տեղի ունեցավ 4-օրյա պատերազմը, Ա.Վարդանյանը նշեց, որ մեզնից է կախված ապագան. «Եթե մենք կարողանանք, կունենանք այլ որակի պետություն»: