ՀՀ կառավարությունը կշարունակի սիրիահայ ուսանողների վարձավճարների փոխհատուցման ծրագիրը
Հոկտեմբերի 6-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը նախագահեց նախարար Հրանուշ Հակոբյանը:
ՀՀ սփյուռքի նախարարն ընդգծեց, որ Սիրիայում ընթացող պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերի խնդիրները մշտապես գտնվել են Հայաստանի Կառավարության ուշադրության կենտրոնում: «Սիրիահայերի հետ մեր ամենօրյա աշխատանքի ընթացքում նկատեցինք, որ վերջիններս բավարար չափով տեղեկացված չեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, լավ չգիտեն իրենց իրավունքներն ու պարտականությունները: Ուստի որոշեցինք Սիրիայից և այլ հակամարտության վայրերից Հայաստան տեղափոխված անձանց համար կազմել հաճախ տրվող իրավական հարցերի տեղեկատվական ձեռնարկ: Այն իրականացրինք ԱՄՆ պետդեպարտամենտի բնակչության, փախստականների և միգրացիայի բյուրոյի կողմից տրամադրված դրամաշնորհի միջոցով», – նշեց նախարարը:
Այնուհետև սիրիահայերին ցուցաբերած աջակցության և նախատեսվող ծրագրերի մասին զեկուցեց ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն Հովիկ Եորդեկյանը: Պարոն Եորդեկյանը նշեց, որ սիրիահայ ուսանողների վարձավճարների փոխհատուցման ծրագիրը ՀՀ Կառավարության և այլ կառույցների հետ համագործակցաբար կշարունակվի նաև 2017-2018թթ. ուսումնական տարում:
«ԱՄՔՈՐ Հայաստան» հիմնադրամի սիրիահայերի աջակցության ծրագրերի համակարգող Անահիտ Գասպարյանը խոսեց իրենց հիմնադրամի կողմից սիրիահայերին տրամադրվող աջակցության մասին:
Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը ներկայացրեց Երևանի դպրոցներում սիրիահայ երեխաների ինտեգրման գործընթացի ներկա վիճակը: Նա տեղեկացրեց, որ հատուկ ուշադրություն է դարձվում տարբեր միջոցառումներում սիրիահայ երեխաներին ընդգրկելու հարցին:
Քննարկվեց երևանյան որոշ դպրոցներում արևմտահայերենի դասընթացներ կազմակերպելու հարցը:
Սիրիահայ երեխաների ամառային հանգստի կազմակերպման մասին զեկուցեց Սփյուռքի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը: Անդրադառնալով կազմակերպչական աշխատանքներին՝ զեկուցողն ասաց, որ ամեն տարի՝ ամառային ճամբարների նախաշեմին Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ հանդիպումներ են կազմակերպվում գործընկեր կառույցների ներկայացուցիչների հետ, որտեղ քննարկվում են ճամբարների կազմակերպման հարցում համագործակցության հնարավոր տարբերակները: «Այս տարի սիրիահայ երեխաները հանգստացան «Արի տուն» ծրագրի շրջանակներում իրենց համար կազմակերպված ամառային ճամբարում, ինչպես նաև Սևանի, Հանքավանի «Արագած» և «Շողիկ», Լոռու մարզի Վահագնաձոր գյուղի «Գուգարք» ճամբարներում: Ընդհանուր առմամբ 2017թ. կազմակերպվեց 171 սիրիահայ երեխայի հանգիստը», – նշեց Անտոնյանը:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց Հայաստանի տարբեր ճամբարներում սիրիահայ երեխաների հանգստի կազմակերպումը՝ նշելով, որ այն նպաստում է նրանց հոգեկան և ֆիզիկական առողջության ամրապնդմանը, մտավոր զարգացմանը և բերկրանքի պահեր է հաղորդում երեխաներին:
Նախարարը շնորհակալություն հայտնեց գործընկեր կառույցներին, ովքեր այս տարիների ընթացքում մշտապես եղել են սիրիահայ երեխաների կողքին և հորդորեց վերջիններիս գալիք տարվա բյուջեն կազմելիս՝ նախատեսվող ծրագրերում ընդգրկել առանձին բաղադրիչ՝ սիրիահայ երեխաների ամառային ճամբարների կազմակերպման համար: