«Ելքը ուժեղ առաջնություն ունենալն է». Արթուր Պետրոսյան
Աշխարհի 2018 թվականի ընտրական փուլի Հայաստան-Լեհաստան հանդիպումը ևս մեկ խոշոր հաշվով պարտություն ավելացրեց հավաքականի ակտիվում: Մեր ընտրանին պարտվեց 1:6 հաշվով՝ խաղի ընթացքում 45 տոկոս գնդակին տիրելով և միևնույն ժամանակ մանկական սխալներ անելով:
Խաղի ավարտին հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը բարկացած էր և անգամ նշեց, որ ավելի լավ է գետինը մտներ, քան խաղից հետո խոսեր լրագրողների հետ: Ըստ հավաքականի մարզչի՝ կազմը սխալ ընտրված չէր.
«Ավելի լավ է պարտվեինք մարտավարական սխալներով, քան այսպիսի մանկական սխալներով: 6:1-ը խայտառակություն էր:
Անհնար է հիմա ասելը, թե որն է ելքը: Ելքը ուժեղ առաջնություն ունենալն է:
Անհատապես չեմ գնահատի ֆուտբոլիստներին: Ֆուտբոլը նաև հոգեբանություն է: Մեր ֆուտբոլիստները հիմա պետք է շատ աշխատեն, շատ մտածեն:
Սա ամենացավալի պարտությունն էր իմ մարզչական գործունեությունում»:
Արթուր Պետրոսյանի խոսքով՝ վաղը նոր օր է և պետք է մեկնել Ղազախստան միայն հաղթելու և չխայտառակվելու համար:
Հավաքականը չափազանց ծանր վիճակում է: Մարզիչը կարծում է, որ հավաքականին թարմ արյուն է պետք: Նրա խոսքով՝ դա կարող է լինել Բայրամյանը կամ դրսում խաղացող այլ ֆուտբոլիստները:
Սիրարփի Աղաբաբյան