Բաժիններ՝

Հայաստան-Լեհաստան. Թասիբի խաղ Հայաստանի ընտրանու համար

Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի ավարտին մնացել է 2 խաղ: Տնային վերջին խաղում Հայաստանի ընտրանին կհյուրընկալի խմբի առաջատար Լեհաստանի հավաքականին:

Հայաստանի հավաքականը կորցրել է խմբից դուրս գալու շանսերը, ու, չնայած նախավերջին խաղը Լեհաստանին շատ ուժեղ հավաքականի հետ է, հայ ֆուտբոլիստները խաղալու են իրենց թասիբի ու ազգի համար: Նախախաղային ասուլիսի ընթացքում նման միտք արտահայտեց հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:

Թվում է, թե Լեհաստանի հավաքականի համար այս խաղը կարևոր չէ, քանի որ նրանք առաջին հորիզոնականում են, սակայն լեհական կողմը նշում է, որ իրենք ամեն ինչ անելու են հաղթելու, իրենց բոլոր խնդիրները լուծելու և իրենց երկրպագուների վստահությունը վերականգնելու համար:

Լեհաստանի հավաքականի մարզչի օգնական Բոգդան Զայացի խոսքով՝ Հայաստանի հավաքականը կարող է հավասար պայքար մղել. դա հայերը մեկ անգամ չէ, որ ապացուցել են:

«Էական չէ մրցակիցը: Հայաստանի հավաքականը կարող է շատ կազմակերպված և վտանգավոր ֆուտբոլ խաղալ:

Անգամ անցած խաղը, երբ մենք թվային առավելություն ունեինք, բարդ ստացվեց: Մեզ հետ խաղից առաջ Հայաստանը պարտվել էր խոշոր հաշվով, բայց մենք նրանց դժվարությամբ հաղթեցինք»,- նշում է Զայացը:

Զայացը նշում է նաև, որ Հայաստանի հավաքականում կան անհատ ֆուտբոլիստներ, ովքեր կարող են փոխել խաղի ընթացքը: Առաջին հերթին Զայացը ակնարկում էր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին:

Մխիթարյանի գործոնի մասին են խոսում նաև Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստները: Կուբա Բլաշիկովսկին, օրինակ, նշում է, որ Հենրիխը հրաշալի ֆուտբոլիստ է, ով մեծ աշխատասիրության շնորհիվ կարողացավ տեղափոխվել այնպիսի ակումբ, ինչպիսին է «Մանչեսթեր Յունայթեդը»: Ըստ Բլաշիկովսկու՝ Մխիթարյանի հետ խաղալը մեծ պատիվ է:

Մինչև Հայաստան ժամանելը Մխիթարյանի մասին էր խոսել նաև Լեհաստանի հավաքականի առաջատար Ռոբերտ Լևանդովսկին, ով նույնպես եղել է Մխիթարյանի թիմակիցը:

«Մենք չպետք է կենտրոնանանք Մխիթարյանի վրա, չնայած նրա դերը հավաքականում շատ մեծ է»,- նշել է Լևանդովսկին:

Հայկական կողմը ևս շատ մարտական տրամադրվածությամբ է մոտենում այս հանդիպմանը: Ինչպես նշում է հավաքականի մարզիչ Արթուր Պետրոսյանը՝ մոտիվացիայի խնդիր չկա, քանի որ հավաքականը ծարավ է հաղթանակների:

«Այնպես չէ, որ հավաքականը շատ է հաղթանակներ տոնում: Ցանկացած հաղթանակ մի քայլ առաջ է մեզ համար, այդ իսկ պատճառով տղաները մոտիվացված են: Տղաները հասկանում են, թե ինչ է նշանակում ամեն մի հաղթանակը: Լեհաստանի հետ խաղը մեզ համար ինքնին մոտիվացիա է»:

Արթուր Պետրոսյանի խոսքով՝ հավաքականի համար մեծ հաջողություն կլինի Լեհաստանի նման ուժեղ հավաքականի հաղթելը:

Հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը նշում է, որ միշտ բարձր տրամադրությամբ է միանում հավաքականին: Ըստ Հենրիխի՝ թիմը խաղին լավ է պատրաստվել, և այդ ամենը կերևա խաղի ժամանակ:

«Հույս ունեմ, որ ամեն ինչ կստացվի: Կանենք այնպես, որ թույլ չտանք նախորդ խաղի սխալները: Սպասում ենք դրական արդյունքի»:

Վերջին խաղերից հետո Հայաստանի հավաքականը ունի երկրպագուների վստահությունը վերականգնելու խնդիր: Դրա համար այսօր պետք է հասնել դրական արդյուքնի և ցույց տալ այն ֆուտբոլը, որը սպասում են երկրպագուները:

Հայաստանի հավաքականի վերջին տնային հանդիպումը տեղի կունենա այսօր՝ 20:00-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս