«Երկու մեծ մարդիկ, երկու պատգամավորներ խոսել են». Էդուարդ Շարմազանով
Այսօր առավոտյան Ազգային ժողովում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի միջադեպը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը որակում է` որպես «ոչ կոռեկտ պահվածք», որը ԱԺ դահլիճում կամ դահլիճից դուրս անընդունելի է:
«Երկու մեծ մարդիկ, երկու պատգամավորներ խոսել են: Ես շահագրգիռ եմ, որ չկրկնվեն նման դեպքեր»,- լրագրողների հետ զրույցում ասաց Է.Շարմազանովը:
Դիտարկմանը, թե ի՞նչը չկրկնվի, եթե միայն խոսել են, Է. Շարմազանովը պատասխանեց, թե եթե ոչ կոռեկտ բառապաշարով է խոսակցությունը, ինքը դրան էլ է դեմ:
Թե ինչպես է ստացվում, որ միշտ նախահարձակ կողմը լինում է ՀՀԿ ներկայացուցիչը, արդյոք դա ՀՀԿ-ի գերբնական ո՞ւժն է` Է.Շարմազանովը հայտարարեց, թե ՀՀԿ-ն գերբնական ուժ չունի, ՀՀԿ-ն ունի նորմալ մարդկային ուժ: Անդրադառնալով «Ելքի» կողմից էթիկայի հանձնաժողով ստեղծելու մտադրությանը` Շարմազանովը նկատեց, որ յուրաքանչյուր խմբակցության իրավունքն է հանձնաժողով ստեղծելը: