Մխիթարյանը՝ սպասվելիք խաղի, երկրպագուների դժգոհության և Դանիայի խաղից հետո իր պահվածքի մասին
Հոկտեմբերի 5-ին, Երևանի ժամանակով 20:00-ին Հայաստանի ազգային հավաքականը կհյուրընկալի Լեհաստանի ընտրանուն: Սպասվելիք խաղի մասին է խոսել ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:
Մխիթարյանը նշում է, որ միշտ բարձր տրամադրությամբ է միանում հավաքականին: Ըստ Հենրիխի՝ թիմը խաղին լավ է պատրաստվել, և այդ ամենը կերևա խաղի ժամանակ:
«Հույս ունեմ, որ ամեն ինչ կստացվի: Կանենք այնպես, որ թույլ չտանք նախորդ խաղի սխալները: Սպասում ենք դրական արդյունքի»:
Հենրիխը խոսել է նաև իր նախկին թիմակիցներ Ռոբերտ Լևանդոսվսկու, Կուբա Բլաշչիկովսկու և Լուկաս Պիշչեկի մասին: Մխիթարյանը նշում է, որ երեքին էլ շատ լավ ճանաչում է. «Նրանք շատ լավ ֆուտբոլիստներ են և ուժ են իրենց հավաքականի համար: Խաղից հետո հաճույքով կզրուցեմ նրանց հետ»:
Մխիթարյանը դեռևս չի ցանկանում ամփոփել ընտրական այս փուլը, քանի որ այն դեռ չի ավարտվել: Հենրիխի խոսքով՝ հաջորդ փուլ դուրս գալու հնարավորություն արդեն իսկ չկա, այդ իսկ պատճառով իրենք փորձելու են բարձր մակարդակով անցկացնել մնացած երկու խաղերը.
«Խաղալու ենք մեր ազգի ու մեր թասիբի համար»:
Մխիթարյանը նշում է նաև, որ տարբերություն չի դնում թիմի և հավաքականի միջև: Ինքը փորձում է երկու դեպքում էլ առավելագույնս նվիրվել.
«Եթե երկրպագուներ կան, որ դժգոհում են, դա իրենց կարծիքն է: Ես գիտեմ, թե որքան եմ նվիրվում հավաքականին: Ակումբում փորձում եմ խաղն ինձ վրա վերցնել, իսկ հավաքականում ուզում եմ օգնել թիմակիցներիս, որպեսզի թիմային արդյունք ստանանք»:
Մխիթարյանը նաև մեկնաբանել է Դանիայի խաղից հետո իր պահվածքը: Հիշեցնենք, որ Մխիթարյանը հրաժարվել է մեկնաբանությունից և արագ հեռացել էր խաղադաշտից: Հենրիխը նշում է, որ Դանիայի հետ խաղից հետո նյարդայնացած էր, իսկ այդ ժամանակ ինքը նախընտրում է լռել:
Սիրարփի Աղաբաբյան