
Լիբանանցի կին մայորը հեռացվել է աշխատանքից՝ ֆեյսբուքյան լայքի պատճառով. Arevelk.am

arevelk.am-ը գրում է. Լիբանանի Ներքին անվտանգության ուժերի ծառայող, մայոր Սուզան Ալ Հաժը հեռացվել է աշխատանքից՝ Ֆեյսբուքում մի գրառման տակ իր դրած like-ի պատճառով: Այս մասին տեղեկությունը փոխանցում է «Ալ Ժատիտ» կայանը, նշելով, որ որոշումն ընդունել է երկրի պետական ապահովության ընդհանուր ղեկավարությունը:
Սուզան Ալ-Հաժը, որ համակարգում վարում էր «Համացանցի վերահսկողության գրասենյակի» ղեկավարի պաշտոնը, արձագանքելով որոշմանը, նշել է, որ իր հավանումը անուշադրության արդյունք է եղել, եւ ինքը ժամեր անց հանել է այն: Բայց հավանումը աղմուկ է հանել, քանի որ տասնյակ օգտատերեր snapshot-ով այն տարածել են այլ սոցիալական ցանցերում:
Կին ոստիկանը հավանել էր լիբանանցի հայտնի ռեժիսոր Շարբել Խալիլի այն գրառումը, որով վերջինս հեգնում էր Սաուդյան Արաբիայի իշխանության կողմից կանանց տրված վարորդական իրավունքը, գրելով. «Սաուդցի կանանց իրավունք է տրված վարել միայն ականներով զինված ավտոմեքենաներ»:
Ընդդիմադիր մամուլը նշում է, որ իրականում հեռացման պատճառը Սուզան Ալ- Հաժի եւ պետական անվտանգության կառույցի ընդհանուր ղեկավար Իմադ Օսմանի միջեւ լարված հարաբերություններն են. կին մայորը համակարգում փոփոխություններ է արել եւ հասել հաջողությունների ու ճանաչման, ինչը դուր չի եկել ղեկավարությանը: Մամուլը Սյուզան Ալ-Հաժի հեռացման որոշումն անարդարացի է որակել: