
«Գագիկ Ծառուկյանի բոլոր բացակայությունները հարգելի են». Իվետա Տոնոյան

Գագիկ Ծառուկյանն աշխատանքային այցով գտնվում է արտերկրում: Ինչպես այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը, Ծառուկյանի այցը պայմանավորված է Օլիմպիական կոմիտեի աշխատանքով:
Դիտարկմանը, որ Ծառուկյանն արդեն իսկ ամենաշատ բացակայած պատգամավորն է, Ի.Տոնոյանը վստահեցրեց, որ նրա բոլոր բացակայությունները հարգելի են և համապատասխան հիմնավորումները ներկայացվում են ԱԺ ղեկավարությանը:
Անդրադառնալով խմբակցության մարզային որոշ պատգամավորների կողմից դիմումների ներկայացմանը, որ ԱԺ-ից 100 հազար դրամի չափով փոխհատուցում ստանան բնակարանների վարձակալության նպատակով, Ի.Տոնոյանը նկատեց, որ այլ խմբակցությունների պատգամավորներ ևս դիմել են օրենքով սահմանված կարգով բնակարանների համար իրենց փոխհատուցումները ստանալու համար:
Ըստ նրա` «Ծառուկյան» խմբակցությունից շրջանառվում էր Վարդան Ղուկասյանի անունը, որը դեռ 8 օր առաջ ետ էր վերցրել դիմումը, նաև Վարդևան Գրիգորյանի անունը, որն ընդհանրապես չի դիմել: Կարինե Պողոսյանը, Տոնոյանի խոսքով, դիմել է և ստանում է, ընդ որում` նա նաև նախորդ գումարման ԱԺ-ում էր ստանում այդ փոխհատուցումը: Ի.Տոնոյանը բացառեց, որ Վարդան Ղուկասյանը Ծառուկյանի ճնշման ներքո է ետ վերցրել իր դիմումը. «Նման բան չկա»: