«Ծառուկյան» դաշինքը վաղը կհայտարարի ՏԻՄ ընտրություններում մասնակցության մասին
«Ծառուկյան» դաշինքը վաղը կհայտարարի, թե տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրություններում որ համայնքում ում թեկնածությունն է առաջադրվելու: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը:
«Քննարկումները եզրափակիչ փուլում են, շուտով կհայտարարենք: Մի շարք համայնքներում մասնակություն ունենալու է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ՏԻՄ ընտրություններում, դրանցից մի քանիսը նաև խոշորացված համայնքներ են: Վաղն արդեն վերջնական որոշում կլինի»,- ասաց Ի.Տոնոյանը:
Նա հերքեց շրջանառվող լուրերը, թե դաշինքը որոշել է այս ՏԻՄ ընտրություններում ավելի պասիվ լինել և «թեժ կետերից» խուսափել. «Որևէ նման բան չկա, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջնորդվել է բացառապես տարածքային կառույցների, կուսակցական ակտիվի հետ քննարկումների արդյունքում է որոշում կայացվել, թե որ համայնքներում առաջադրել թեկնածուներ և, բնականբար, պայմանավորված նաև թեկնածուների անձանցով, առաջարկած ծրագրով: Բացառապես այս հենքով են պայմանավորված լինելու առաջադրումները»: