Հերացի 18 շենքի մոտակայքում ապօրինություններ են կատարվում. բնակիչները դիմել են պատկան մարմիններին
«Հերացի 18 շենքի ետնամասում ծառահատում է եղել։ 3 շաբաթ առաջ գիշերը ժամը 22-23-ը մեր բակում ծառահատում էին անում, ես պատուհանից նրանց հարցրել եմ՝ ինչո՞ւ են ծառը կտրում, պատասխանել են, որ այն չորացած է։ Իրականում ծառը չորացած չէր։ Պարզվում է, որ այդտեղ ազատում են, որպեսզի ներկայումս անվտանգ տեղում գտնվող գազի բաշխիչ կայանը տեղափոխեն վտանգավոր տարածք»,- 168.am-ին այս մասին տեղեկացրեց շենքի բնակիչ Արմինե Մինասյանը։ Մեր զրուցակիցը նաև գիտի, թե ինչի համար են տարածքն ազատում. «Ուզում են ներկայիս գազի բաշխիչ կայանի տեղում ճանապարհ բացել, որպեսզի ետնամասում 7 հարկանի հոսթել կառուցեն։ Հիմա այդ տարածքում փոքրիկ տնակ են դրել»։
Հերացի 18 շենքի բնակիչները խնդրի մասին տեղեկացրել են պատկան մարմիններին, սակայն, մեր զրուցակցի խոսքով՝ դեռևս որևէ արձագանք չի եղել։ ՀՀ վարչապետին, Երևանի քաղաքապետին, նախագահի աշխատակազմի ղեկավարին ուղղված նրանց նամակում մասնավորապես ասված է.
«Հայտնում ենք Ձեզ որ Երևանի Հերացի 18 շենքի հարևանությամբ տեղի է ունենում ապօրինի շինարարություն, որի հետևանքով տեղի է ունեցել ծառահատում: Ծառահատման և ապօրինի շինարարության փաստի առթիվ բողոք-հեռախոսազանգ է եղել ոստիկանություն և քաղաքապետարանի թեժ գիծ, սակայն, քաղաքապետարանը զանգին ընթացք չի տվել, իսկ ոստիկանության աշխատակիցները 13.09.2017թ. եկել և փաստը աձանագրել են, առկա է նաև ծառահատման տեսագրությունը:
Ըստ շինարարություն կատարողների բանավոր խոսքի՝ կառուցում են նոր գազի բաշխիչ կայան։ Հին պատրաստի գազի բաշխիչ կայանը կառուցված է մի քանի բնակելի շենքերից բավականին հեռավորության վրա, ավելի ապահով է, քանի որ բակում ապրում և խաղում են երեխաներ:
Նոր՝ ապօրինի կառուցվող գազի բաշխիչ կայանը գտնվում է Մխ. Հերացի 18 բնակելի շենքի անմիջապես հարևանությանբ (ննջարանների ուղղությամբ), չի պահպանված որևէ անվտանգության նորմ, ինչպես նաև գազի բաշխիչ կայանից մի փոքր այն կողմ գտնվում է ամբողջ թաղամասում գտնվող միակ մանկական խաղահրապարակը: Ըստ խոսակցությունների՝ հին գազի բաշխիչ կայանը խանգարում է կայանի հարևանությամբ գտնվող նորակառույց շենքին, որը նույնպես ապօրինի կառույց է:
Խնդրում ենք Ձեր միջնորդությունը՝ ապօրինությանը վերջ տալու և համապատասխան կառույցներից պահանջելու պարզաբանում․
1. Եթե տվյալ նոր գազի բաշխիչ կայանի տարածքը գտնվում է քաղաքապետարանի ենթակայության ներքո, ապա ինչո՞ւ չեն օգտագործում՝ որպես բակային տարածք և կանաչապատում, այլ թույլ են տալիս, որպեսզի տեղի ունենա ծառահատում։
2. Ինչի՞ համար է «Հայռուսգազարդի» կողից կառուցվում նոր գազի բաշխիչ կայան, եթե հին գազի բաշխիչ կայանը գտնվում է բնակելի շենքերից բավականին հեռավորության վրա, և ավելի անվտանգ է, ինչպես նաև մարդկանց կյանքին վտանգ չի սպառնում, իսկ եթե երոնշյալ կազմակերպությունը ունի ավել ֆինանսական միջոցներ, ապա թող ոչ թե կառուցեն նոր գազի բաշխիչ կայան, այլ օգնեն անապահով ընտանիքներին»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում