«Քառօրյա պատերազմն Ադրբեջանին ԵՏՄ մտցնելու մասին էր. ԵՏՄ-ն ամենաթանձր ամպն է, որ կարող է ՀՀ-ի գլխին կուտակվել». Նիկոլ Փաշինյան
«Ի վերջո, պետք է ասե՞նք, թե քառօրյա պատերազմն ինչի մասին էր։ Այդ պատերազմն Ադրբեջանին ԵՏՄ մտցնելու մասին էր։ Եթե ստացվեր այն, ինչ պայմանավորվել էին, և Ադրբեջանն ավելի լուրջ տարածքային հաջողություններ ունենար, դրա դիմաց վճարելու էր ԵՏՄ-ին անդամակցությամբ»,- այսօր ԱԺ-ում այս մասին հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այս կոնտեքստում կա անկախության խնդիր. «ԵՏՄ-ի փիլիսոփայության հիմքում դա է դրված՝ արա, էս անկախությունն ի՞նչ էր մեր գլխին, էս որտեղի՞ց եկավ։ Եվ եթե այս տրամաբանությունը, ձեր պնդմամբ՝ կիսում է քաղաքացիների մեծամասնությունը, Հայաստանի ինքնիշխանության գլխին ամպեր են կուտակված։ ԵՏՄ-ն ամենաթանձր ամպն է, որ կարող է ՀՀ-ի գլխին կուտակվել»։