Գործարկվել է «Ապրիլյան պատերազմ 2016» կայքը
«Արմսես» գիտակրթական կենտրոն» հասարակական կազմակերպության և Երևանի պետական համալսարանի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի համատեղ ջանքերով գործարկվել է «Ապրիլյան պատերազմ 2016» կայքը (www.april2016.am)։
Վերջինս նվիրված է 2016թ. ապրիլյան պատերազմին, տեղի ունեցած մարտական գործողություններին, զոհված հերոսների կյանքի ու սխրանքի պատմությանը, հայ-ադրբեջանական պատերազմի ներկա փուլին։ Կայքում ընթերցողի հետ հարց ու պատասխանի ձևաչափով լուսաբանված են պատերազմի ներկա փուլի ընթացքը, դրա դրդապատճառներն ու հաղթահարման հնարավոր տարբերակները, առաջնագծում զինծառայողների հերոսության ներկայացման համաշարում պարզաբանված է պատերազմական պայմաններում թիկունքի և առհասարակ քաղաքացիական բնակչության դերակատարությունը։
«Ապրիլյան պատերազմ 2016» կայքում ներկայացված են վերլուծական բնույթի նյութ-տեղեկագրեր՝ հոդվածներ, հարցազրույցներ, ժամանակագրություն, որոնք լույս են սփռում հայ-ադրբեջանական հակամարտության և Հայաստանի ռազմավարական մտահոգությունների վրա և կարող են օգտակար լինել թե՛ հայկական, թե՛ օտարերկրյա լսարանի համար։
Կայքն ունի նաև ադրբեջաներեն էջ, որտեղ ներկայացված են հակառակորդի լսարանին հետաքրքրող այն հարցերի պատասխանները, որոնք ադրբեջանցի ակտիվ օգտատերերը հաճախ փորձում են ստանալ հենց հայկական կողմից։ Կայքը չծանրաբեռնելու համար այդ էջը հասանելի է միայն ադրբեջանցի օգտատերերին։
Կայքի բովանդակային հագեցումն իրականացվել է «Արմսես» գիտակրթական կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ 2016թ.-ին ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։ Կայքի ստեղծման, տեխնիկական կահավորման և անվտանգության ապահովման աշխատանքներն անհատույց կերպով իրականացվում են «Լոկատոր» ՓԲԸ կողմից։
Ներկայումս շարունակվում են աշխատանքներ իրականացվել կայքի համալրման ուղղությամբ։ Առաջիկայում նախատեսվում է շարունակել 2016թ․ ապրիլ-մայիսին զոհված զինծառայողներին նվիրված ակնարկային հուշապատումների, վերլուծական տիպի նյութերի տեղադրման և ապրիլյան պատերազմի ժամանակագրության ներկայացման գործընթացը։
Կայքի բովանդակության ահռելի ծավալների նախնական ինֆորմացիան հավաքվել է ՊԲ և ՊՆ՝ մարտական գործողություններում ներգրավված համապատասխան զորամասերում դաշտային աշխատանքների, զոհված զինծառայողների ընտանիքներ տնայցերի, ինչպես նաև ոլորտի առաջատար ու ճանաչված մասնագետների հետ մշտական փոխխորհրդակցության շնորհիվ։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն