«2018թ. ապրիլից հետո վարչապետը չի կարող ունենալ նվազեցված լիազորություններ՝ պաշտպանության և անվտանգության ոլորտում». Վիգեն Սարգսյան

«Ես նախընտրում եմ զենքը ցույց տալ զորահանդեսների ժամանակ։ Նրա առաջիկա գնման, հնարավոր գնման, այստեղից-այնտեղից ձեռք բերելու մասին խոսակցությունն անօգուտ է։ Դա անիմաստ է, որովհետև առաջին հերթին դժվարացնում է բոլոր հնարավորությունները, երկրորդ՝ դա քո հեռանակարային ծրագրի բացահայտումն է, որը նաև թույլ է տալիս հակառակորդին՝ հակամիջոցներ ձեռնարկել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

«Մենք Չինաստանում չենք պայմանավորվել այս պահին զենք-զինամթերք մատակարարելու մասին, բայց մենք ունեցել ենք շատ կարևոր հանդիպումներ, քաննարկումներ՝ ռազմաքաղաքական երկխոսության և փոխգործակցության ծրագրերի մասին»,-հայտարարեց նախարարը՝ ընդգծելով, որ ՀՀ զինուժը երկար տարիներ է՝ ունի Չինաստանից գնված զինատեսակներ, որոնք ցուցադրվել են զորահանդեսների ժամանակ։

Նախարարը նշեց, որ Հայաստանն ունի ռազմարդյունաբերական համալիրի զարգացման շատ հավակնոտ ծրագիր․ «Առաջիկա օրերին, ինչպես խոսք էի տվել Նիկոլ Փաշինյանին՝ ունենալու ենք նման ներկայացում մեր պատգամավորների համար։ Այդ ծրագիրը կարիք ունի որոշակի ֆինանսավորման, որ կարողանանք էլ ավելի շատ աշխատանք կատարել։ Ունենք բաներ, որոնցով կարող ենք հպարտանալ, վստահ եմ, որ առաջիկայում դրանք շատանալու են։ Կան բաներ, որոնք այնքան նորարարական են, որ վստահ եմ՝ հետաքրքրություն են առաջացնելու միջազգային շուկայում»։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ է ենթադրում պաշտպանության ոլորտի վերաբերյալ նոր օրենքի նախագիծը, որը մամուլում մեկնաբանվում է հետևյալ կերպ՝ օրենսդրորեն նվազեցվում են պաշտպանության և անվտանգության ոլորտում վարչապետի լիազորությունները։

Ի պատասխան՝ Վիգեն Սարգսյանն ասաց, որ դա հրապարակող մամուլն ուղղակի ծույլ է․ «Պետք է վերցնել օրենքը կարդալ և կարդալ Սահմանադրություն, և տեսնել, որ Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարը վարչապետն է։ 2018թ. ապրիլից հետո վարչապետը չի կարող ունենալ նվազեցված լիազորություններ՝ պաշտպանության և անվտանգության ոլորտում»։

Տեսանյութեր

Լրահոս