«Առաջիկա օրերին ևս ՊՆ-ում կլինեն նոր նշանակումներ». Վիգեն Սարգսյան
«Զինվորական ծառայության մեջ չափազանց կարևոր է ռոտացիոն մոտեցումը և շատ կարևոր է, որ բարձրագույն սպայական պաշտոններ զբաղեցնող անձինք պարբերաբար փոխեն իրենց աշխատանքի ոլորտը։ Դա թույլ է տալիս ձևավորել ունիվերսալ և կարող ուժեր՝ զինված ուժերի խնդիրները լուծելու համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։
Նրա խոսքով՝ այս օրերին մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել․«Առաջիկա օրերին ևս լինելու են նման փոփոխություններ, դրանք կրում են ռոտացիոն տեղաշարժի, այիսնքն՝ մեր ներսում աշխատանքի արդյունավետության հետագա բարձրացման խնդիր։ Որևէ այլ բան դրա մեջ ման գալ իրոք պետք չէ։ Դա բնական գործընթաց է ցանկացած ծառայության մեջ»։
Անդրադառնալով սպաների պայմանագրերի վերակնքման խնդրին՝ նախարարը բացատրեց, թե ինչու է դա արվում․ «Ուսուցման ընթացքում սպան չի անցնում զինվորական ծառայություն, և այդ սպայի պատրաստման ծախսերի փոխհատուցման հետ էր կապված վերանայումն այն գումարների, որոնք ներառված են պայմանագրերում՝ որպես հիմք հետագա փոխհարաբերությունների համար»։
Վիգեն Սարգսյանն ասաց, որ չի կարող հրապարակել զորացրված սպաների թիվը․ «Դա փակ թիվ է, բայց կայուն թիվ է։ Այսինքն՝ մեծ վայրիվերումներ չի ապրել վերջին տարիների ընթացքում։ Մեր օրենսդրությունը հնարավորություն տալիս է ընդհատել ծառայությունը, բայց տվյալ սպան պետք է փոխհատուցի ուսման հետ կապված ծախսերը»։