«Ես Հայաստան եկա օդանավով, որի 30 տոկոսը դատարկ էր. մենք նահանջել ենք». Հրաչ Քալսահակյան
Մարքետոլոգ, Azad-hye.net կայքի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրաչ Քալսահակյանը (ԱՄԷ) կարծում է, որ Հայաստանն այս պահին ինչ-որ առումով նման է 1990-ականների ԱՄԷ-ին, երբ այնտեղ սկսեցին տուրիզմի զարգացման առաջին քայլերն անել։
«Համեմատելու համար ուսումնասիրել է պետք, պետք է մարդիկ գործուղել, որ ուսումնասիրեն այդ ամբողջ պատմությունը, լինի՝ Դուբայ, Սինգապուր։ Մենք, եթե ճարպիկ ենք, նրանց տասնամյակների փորձառությունը կարող ենք խտացնել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց մարքետոլոգը։
Քալսահակյանի խոսքով՝ Հայաստանն ինքնին գրավիչ է զբոսաշրջիկների համար, ուղղակի պետք է ճիշտ մարքետինգ անել. «Երբ մարդ հասնում է այստեղ, արդեն տեսնում է գրավչությունը, բայց հասնելուց առաջ պետք է կարողանանք այդ պատկերը փոխանցել իրեն, բոլոր տվյալները հասցնել։ Անշուշտ, պետք է մարքետինգով զբաղվել։ Մարդիկ, որոնք շահում են այս բիզնեսից, պետք է ճիշտ մարքետինգ անեն, որ դրսում ապրող մարդու համար Հայաստանը դառնա այն երկրներից մեկը, որտեղ նա պարտադիր պետք է այցելի»։
Մեր զրուցակիցը հիշում է, որ 2016թ. Դուբայում անցկացվող միջազգային տուրիստական ցուցահանդեսին Հայաստանը կարևոր ներկայություն ուներ՝ 6 մասնակցով և մեծ տաղավարով։ «Իսկ այս տարի Հայաստանը խղճուկ մասնակցություն ուներ՝ 1 անձով և ոչ պետական հովանավորությամբ։ Մենք նահանջեցինք ճիշտ այն պահին, երբ պետք է աշխատանք տանեինք։ Արդյունքն այն եղավ, որ ես Հայաստան եկա օդանավով, որի 30 տոկոսը դատարկ էր»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում