Հերթական երդումը Ռուսաստանին
«Միակ տրամաբանական հիմնավորումն Արտաշես Գեղամյանը բերեց՝ դա շանտաժն է, որ՝ ա՛յ, գազը կթանկացնենք, թուրքերին բաց կթողնենք ձեր վրա, սովից կմեռնեք, հոսանքը կթանկանա: Պարոն Աշոտյանը գույնը գցել էր արդեն վախից»,- երեկ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ԵԱՏՄ-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց նախաձեռնության հեղինակ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ ՀՀԿ-ականներն այդպես էլ հստակ փաստարկներ չներկայացրեցին, թե Հայաստանն ինչո՞ւ պետք է մնա ԵԱՏՄ-ում, ինչո՞ւ չեն կարող ժամանակավոր հանձնաժողով ստեղծել և հարցն ավելի հանգամանորեն քննարկել փակ ռեժիմով:
Ըստ նրա՝ քաղաքական առումով ԵԱՏՄ-ին անդամակցությունը շատ վտանգավոր և բացասական է 2 պատճառով` ԵԱՏՄ գործընկերների կողմից անընդհատ առկա է արհամարհանք մեր պետականության նկատմամբ, և շատ ցինիկ միջամտություններ կամ նման փորձեր ՀՀ ներքին գործերին.
«Այն մտավախությունը, որ ԵԱՏՄ-ին անդամակցելով՝ ՀՀ ինքնիշխանության նկատմամբ սպառնալիքներ են ստեղծվել, ավելի են թանձրացել և ավելի կոնկրետ են դառնում»:
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանի կարծիքով՝ խնդիրը խորապես ուսումնասիրելու նպատակով ԱԺ-ում ժամանակավոր հանձնաժողով ստեղծել կամ չստեղծելու հարցը, կամ հարցը, թե որքանով է դա վտանգավոր Հայաստանի համար, զուտ ընթացակարգային հարց է, որը վերաբերում է բացառապես Ազգային ժողովի իրավասությանը.
«Այսինքն՝ էստեղ դիմություն, ընդդիմություն, թող իրենք որոշեն։ Ես նման հարցեր չեմ ցանկանում մեկնաբանել»։ «168 Ժամի» հարցին՝ արդյոք իսկապե՞ս վտանգավոր է ԵԱՏՄ-ի հարցով քննարկումների ծավալումը, կամ ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի կողմից եղե՞լ է որևէ նախազգուշացում դրա կապակցությամբ, Շավարշ Քոչարյանը պատասխանել է. «Պաշտոնական հայտարարություններում և մեզ հետ հանդիպումների ժամանակ որևէ այդպիսի բան չկա»։
Ինչպես և սպասվում էր, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ձայների 9 դեմ, մեկ կողմ հարաբերակցությամբ մերժել է «Ելքի» նախաձեռնությունը։
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: