«Ոմանք իրենց բիզնես շահը ներկայացնում են որպես քաղաքացիների ապրելու իրավունք»
«Երբ մենք սկսում ենք խստացնել և լիարժեք գործել, հանկարծ հայտնվում են մարդիկ, որ քննադատություններ են հնչեցնում, որ անտառների հատումն ապրուստի միջոց է, և այլն: Որևէ գյուղացի, որևէ քաղաքացի, որ իր կարիքների համար անտառհատումների կարիք է ունեցել, խնդիր չի ունեցել: Խոսքն այն կազմակերպված մարդկանց մասին է, որ գյուղացիներին հանում են փողոց, ու իրենց բիզնես շահը ներկայացնում են` որպես քաղաքացիների ապրելու իրավունք: Այն, ինչ այսօր կատարվում է, վկայությունն է նրա, որ այս անձինք փորձում են կազմակերպել և օգտագործել քաղաքացիներին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը` դժգոհելով անտառհատումների դեմ իրենց պայքարի հանդեպ քաղաքացիների վերաբերմունքից:
Ըստ նրա` որևէ մեկը չի ասում, որ կենսական պայմանները լավն են, բայց Շիրակի մարզում առանց անտառ հատելու ապրում են: Ա.Մինասյանի կարծիքով` դա էկոմշակույթի խնդիր է, որ կարծում են, թե անտառ հատելով` կարող են ապրուստ վաստակել, սակայն պետք է գիտակցել, որ այդ ծառը վաղը իրենց երեխային է անհրաժեշտ լինելու:
Նախարարը հայտնեց, որ KFW ի հետ իրականացնելու են սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր, որ անտառամերձ տարածքներում ուսուցանեն, որ հատապտուղներ հավաքելու, էկոտուրիզմի և այլ եղանակներով գյուղացիները կարողանան եկամուտ ստանալ:
«Այս պահին տեսչական մարմինը լայնամասշտաբ ստուգումներ է իրականացնում` անտառհատումների հետ կապված»,- ասաց նախարարը: