«Մեր պատվիրակությունն ավելի քան պատրաստ է համարժեք արձագանքի». Արմեն Աշոտյան
«Մենք գնում ենք աշխատելու կազմակերպիչների կողմից նախապես հայտարարված օրակարգի, խնդիրների և բովանդակության շուրջ։ Հայաստանն ունի ասելիք, Հայաստանի համար այդ խնդիրները կարևոր են։ Հուսանք, որ կազմակերպիչներին կհաջողվի պահպանել նախնական հայտարարված օրակարգը և այդ միջոցառումը չվերածել հերթական փորձի՝ հակահայկական քարոզչություն ու ապատեղեկատվություն տարածելու եվրոպական ու միջազգային գործընկերների ներկայությամբ։
Եթե այդպիսի ձեռնարկումներ լինեն, ապա մեր պատվիրակությունն ավելի քան պատրաստ է նման գործելաոճին համարժեք արձագանքի»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Եվրանեսթ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ խոսելով Բաքվում սեպտեմբերի 22-ին մեկնարկող Եվրանեսթ ԽՎ-ի Սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի հանձնաժողովի կողմից կազմակերպված համաժողովի մասին։
Ըստ նրա՝ թեման կարևոր է՝ Արևելյան գործընկերության երկրներում կանանց առողջության և գենդերային հավասարության բարելավման հիմնախնդիրներ։ Ա.Աշոտյանը նշեց, որ Հայաստանը ՄԱԿ-ի նպատակներին հասնելու քաղաքականություն է որդեգրել՝ իջեցնել կանանց մահացությունն ու բարելավել կանանց առողջությունը.
«Իհարկե, սա խնդրի բովանդակային մասն է։ Բուն բովանդակային քննարկումներին մենք պատրաստ ենք։ Մանե Թանդիլյանը կներկայացնի Հայաստանի փորձը։ Ես՝ որպես մասնագիտությամբ բժիշկ, պատրաստ կլինեմ ակտիվ ներգրավվել բովանդակային քննարկումներում։ Հուսով եմ, որ կոնֆերանսը չեն օգտագործի՝ որպես առիթ օրակարգից շեղելու և ապատեղեկատվություն ու հակահայկականություն տարածելու համար»։