ՀՀ կառավարությունը 3000 եվրո կվճարի ՄԻԵԴ վճռով

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հերթական վճռի կատարման նպատակով ՀՀ կառավարությունն Արդարադատության նախարարությանը կհատկացնի 3000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ` վճռով սահմանված արդարացի հատուցման համար: Հարցը ներառված է կառավարության վաղվա նիստի օրակարգում։

ՄԻԵԴ-ի վճիռը «Հովհաննիսյանն ընդդեմ Հայաստանի» գործով (թիվ 50520/08 գանգատ) հրապարակվել է 2017 թվականի հուլիսի 20-ին։ Դրանով արձանագրվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի (անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունք) խախտումներ: Գործը վերաբերում է դիմամումատուի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելիս և այնուհետև կալանավորման ժամկետը երկարացնելիս ներպետական դատարանների կողմից հիմնավոր և բավարար պատճառներ ներկայացնելու անհրաժեշտությանը:

Դիմումատուն պնդել է, որ ներպետական դատարաններն իր նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս, իսկ այնուհետև՝ դրա ժամկետը երկարաձգելիս, բավարարվել են կալանավորման հիմքերի վերացական նշմամբ՝ առանց մատնացույց անելու որևէ փաստական հանգամանք, որը կարդարացներ կալանքը շարունակաբար կիրառելը: Նշված վճռով Եվրոպական դատարանը վերահաստատել է, որ կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս և կալանավորման ժամկետը երկարաձգելիս կարծրատիպային ձևակերպումների օգտագործումը կրկնվող խնդիր է Հայաստանում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ի լրումն հիմնավոր կասկածի առկայության` ներպետական դատարանները դիմումատուի շարունակական կալանքի համար չեն ներկայացրել հիմնավոր և բավարար պատճառներ՝ Եվրոպական դատարանն արձանագրել է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ կետի խախտում:

Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2017 թվականի հոկտեմբերի 20-ն է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930