«Նախագահը կարող էր և ասել, որ արդեն հետ ենք վերցնում մեր ստորագրությունները». Կիրո Մանոյան
Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանն անդրադարձավ նախագահ Սերժ Սարգսյանի՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ելույթին:
Դաշնակցական գործիչը նշեց, որ ՀՅԴ-ն ողջունում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, հատկապես՝ հայ-թուրքական հարաբերություններին վերաբերող հատվածը:
«Հուսով ենք, որ ոչ մի դրական փոփոխություն արձանագրությունների գծով տեղի չի ունենա, որպեսզի նախագահն իր ասածն անի հաջորդ գարնան նախօրեին: Վստահ եմ, որ նա էլ չի հավատում դրական տեղաշարժին, ուրեմն՝ Հայաստանն իր ստորագրությունը հետ կվերցնի: Մենք սպասում ենք այդ օրվան: Դա ճիշտ որոշում է: Կարծում եմ՝ նախագահը կարող էր և ասել, որ արդեն հետ ենք վերցնում, բայց, հավանաբար, ցանկացավ առիթ տալ ոչ թե՝ Թուրքիային, այլ՝ ընդհանրապես այդ գործընթացի միջնորդներին, որպեսզի, եթե բան ունեն անելու, անեն»,- ասաց նա:
Հարցին՝ որպես կոալիցիոն գործընկեր՝ ՀՅԴ-ն տեղյա՞կ էր, որ երկրի ղեկավարը ՄԱԿ-ի ամբիոնից այսպիսի շեշտադրումներով է խոսելու հայ-թուրքական արձանագրությունների մասին, Կիրո Մանոյանը պատասխանեց, թե ՀՀ նախագահը վաղուց էր ասել, որ այսպես է լինելու:
«Արձանագրությունների մասով դրական տեղաշարժ, չեմ կարծում՝ լինի: Եվ դա ոչ Հայաստանի պատճառով, այլ այն պատճառով, որ Թուրքիան բազմաթիվ ներքին հարցեր ունի, արտաքին բազմաթիվ խնդիրներ ունի, որ Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու խնդիրն իրենց օրակարգում չկա: Չի բացառվում, որ Թուրքիան կեղծ բաներ անի, որ, իբր կարող է վավերացնել արձանագրություններից մեկը, բայց դա Հայաստանի կողմից, կարծում եմ՝ չի ընդունվի: Թուրքիայի դրած նախապայմանը լուրջ է, իրենց տեսակետից լուրջ է: Իրենց համար հիմնական խնդիրն Արցախի հարցում Հայաստանի վրա ճնշում բանեցնելն է, իսկ եթե ճնշումը չի աշխատում, չեմ կարծում՝ իրենք չեն շտապի արձանագրությունները վավերացնել»,- ամփոփեց Կիրո Մանոյանը: