«Մենք 2018թ. գարուն մտնելու ենք առանց հայ-թուրքական արձանագրությունների». Շավարշ Քոչարյան
Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի փակման լիագումար նիստի ժամանակ ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն ամփոփեց քննարկված հարցերը:
«Քննարկվեցին հարցեր՝ կապված տարբեր երկրների հետ մեր հարաբերությունների խորացման հարցում Սփյուռքի դերակատարման մասին: Առաջին հերթին՝ դա վերաբերում է մեր երկու հարևաններ Վրաստանին և Իրանին:
Կարևորագույն խնդիրներից մեկը, որը քննարկվում էր, Ցեղասպանության ճանաչումը, դատապարտումը, ցեղասպանությունների բացառումն էր: Ժամեր առաջ նախագահը հայտարարեց, որ մենք հանդես ենք գալու այդ ուղղությամբ նոր նախաձեռենություններով:
Մենք մեր արդար գիծը տանելով՝ Հայոց ցեղասպանության ճանաչման, միաժամանակ ընկալվում ենք՝ որպես առաջնամարտիկ Ցեղասպանությունների կանխարգելման գործում»,- ասաց Քոչարյանը՝ նկատելով, որ շատ կարևոր է, որպեսզի ցեղասպանությունների ճանաչման և դատապարտման գործընթացը նոր թափով շարունակվի:
«Տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաման ալիքը բերում է նրան, որ Թուրքիայում հասունանա մի իրավիճակ, որ Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը: Կարո Փայլանն ասաց, որ Թուրքիայի կոողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու հայ-թուրքական սահմանի բացումը կապված է Թուրքիայի ժողովրդավարության հետ, իսկ Թուրքիան գնում է այլ ճանապարհով: Թուրքիան սկսեց գնալ բռնապետական ճանապարհով:
Դրա համար ՀՀ նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հստակ հայտարարեց, որ թող չմտածեն, թե կարող ենք պատանդ մնալ այդ պայմաններում, որովհետև այդ արձանագրությունները ճանաչվելու են առոչինչ, և մենք 2018թ. գարուն մտնելու ենք առանց այդ արձանագրությունների»: