«ՀՀ սահմանների անվտանգությունն ու խաղաղությունը անբաժանելի են Արցախի սահմանների անվտանգությունից». Արա Բաբլոյան

«Վստահ եմ, որ այս համաժողովը մեզ ավելի համախմբող, շոշափելի արդյուքների հանգեցնող, համահայկական գործակցությունները խթանող համազգային ձեռնարկ է»,-այսօր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ իր ելույթում այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Նա նշեց, որ համաժողովն ընդգրկուն օրակարգ ունի, որը ներառում է մի շարք ուղղություններ՝ տնտեսականից մինչև արտաքին քաղաքականություն, հայապահպանություն, ազգային անվտանգություն. «Համահայկական խորհրդի ստեղծման գաղափար էր կրում այս համաժողովը»:

Բաբլոյանն ընդգծեց, որ հայրենիքը Սփյուռքի անվտանգության գերագույն երաշխավորն է, իսկ Սփյուռքն, ըստ նրա՝ հայրենիքի անվտանգության շահառուն.

«Հայաստան ներգաղթած սիրիահայերը հարստացնում են մեր երկիրը: Սիրիահայությունը հայրենիքի և Սփյուռքի աջակցության կարիքն ունի: Այս համաժողովն առանձին անդրադարձավ սիրիահայության խնդիրներին, ինչը պատահական չէ: Մենք կառուցում ենք նոր Հայաստան՝ նոր հեռանկարներով ու հնարավորություններով»:

Ըստ ԱԺ նախագահի՝ ակնհայտ է, որ աշխարհում ստեղծված ներկայիս տնտեսական և քաղաքական վիճակը, սրընթաց զարգացումները պարտադրում են ավելի ճկուն լինել. «Մեզ համար կարևոր են ձեր ներուժն ու մասնակցությունը, միասին պետք է քայլենք առաջ: Մենք Հայաստանում բարձր ենք գնահատում Սփյուռքի այն կառույցների ջանքերը, որոնք աջակցություն են ցուցաբերում հատկապես երիտասարդությանը: Շնորհակալ ենք այդ կազմակերպություններին և անհատներին:

Համոզված եմ, որ այստեղ ներկաներից շատերն ունեն գաղափարներ և առաջարկություններ, հնարավոր է, որ դրանք իրականաություն դարձնելու համար անհրաժեշտություն կա ներկայացնել դրանք խորհրդարանական ձևաչափով: ԱԺ դռները բաց են ողջամիտ առաջարկությունների համար, որոնք կարող են օգտակար լինել մեր երկրին: ԱԺ-ն երկրի զարգացմանը միտված իր գործունեությունն իրականացնելու է նոր եռանդով: Առաջընթացի և զարգացման տարաբնույթ ծրագրերը չեն կարող իրականություն դառնալ խաղաղության և անվտանգության բացակայության պայմաններում»:

Բաբլոյանը խոսեց նաև Արցախի մասին. «ՀՀ սահմանների անվտանգությունն ու խաղաղությունը անբաժանելի են Արցախի սահմանների անվտանգությունից: Այս պահին ուղղաթիռն ուղևորվում է Արցախ՝ տարբեր երկրներից պատգամավորներ տանելով այնտեղ: Որևէ բանակցություն քննարկում կամ հանգուցալուծում չի կարող գերակա լինել Արցախի ժողովրդի ազատ կամքին, Արցախի անվտանգության և խաղաղության գաղափարին:

Մենք լավ գիտակցում ենք, թե ինչ մարտահրավերներ կան մեր պետության առջև՝ հատկապես հաշվի առնելով տարածաշրջանային խնդիրները: Ոչ ոք մեզնից ավելի լավ չգիտի մեր կարիքները, որևէ մեկը մեզնից ավելի շատ չի մտածում ու չի մտածելու մեր այսօրվա և վաղվա մասին: Մենք վստահության և հուսալիության բավականին բարձր վարկանիշ ունենք ԵՄ, ԵՏՄ, ամերիկյան և մեր բոլոր գործընկերների հետ հարաբերություններում՝ ձգտելով ոչ միայն օգուտ ստանալ այդ համագործակցությունից, այլև օգտակար լինել»:

Տեսանյութեր

Լրահոս