«Ես ինձ Հայաստանի մի մասն եմ զգում». Օռնելա Մուտի
Իտալացի հայտնի դերասանուհի Օռնելա Մուտին Հայաստանում է: Նա այսօր մասնակցեց «Ծագումով հայերը» հաղորդման 10-ամյակին նվիրված համերգին:
Համերգից առաջ լրագրողների հետ զրույցում Մուտին նշեց, որ երկրորդ անգամ է այցելում Հայաստան, և որ այստեղ շատ ընկերներ ունի:
«Սիրում եմ հայկական խոհանոցը։ Կարծում եմ` հայ կանայք հիասքանչ են»,- ասաց Մուտին։
Արդեն համերգի ժամանակ, երբ Մուտիին բեմ հրավիրեցին, նա ասաց, որ իր համար անսպասելի էր և հուզված է. «Շատ ուրախ եմ այստեղ լինելու համար, և հպարտ եմ, որ հրավիրվել եմ այստեղ մի ընկերոջ ընտանիքի կողմից, ովքեր հիասքանչ են, ովքեր ինձ պատմել են գեղեցիկ Հայաստանի մասին: Նրանց այդ պատմությունից ես ինձ Հայաստանի մի մասն եմ զգում: Շնորհակալություն Արթուր Ասատրյանին և նրա ընտանիքին՝ իմ ընտանիքին այստեղ հրավիրելու, այս հիասքանչ երեկոն ձեզ հետ վայելելու համար»: