«Ոչ ոք ոչ ոքի ոչ մի տարածք չի տալիս, հանգիստ եղեք». Շավարշ Քոչարյանը պարզաբանեց՝ ինչ է ասել Էդվարդ Նալբանդյանը

Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ այսօր արցախյան հ/կ-ներից մեկի ներկայացուցիչը ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեց, թե ո՞ր տարածքների մասին է խոսել Նալբանդյանը, որոնք սպառնալիք չեն Արցախի համար, և հավելեց, որ իրենք մի թիզ հող անգամ հետ չեն տալու:

Ի պատասխան՝ Շավարշ Քոչարյանն ասաց, որ իր համար անհասկանալի է այդ իրարանցումը.

«Նախարարը ներկայացրել է այն, ինչ բազմիցս հրապարակվել է: Այսինքն՝ 3 համանախագահող երկրների հայտարարությունները, որտեղ բացահայտված է միջնորդների կողմից առաջարկվող կարգավորման տարրերը: Բայց ներկայացնելով այդ տարրերը՝ երկու դեպքում, այն էլէ մինչև այդ հիշատակելով ապրիլյան պատերազմը, երկու բան է նշել. Այն, ինչ վերաբերում է միջանցքին, որը մենք առանց այդ էլ գիտեինք, որ դա կա, որ այդ միջանցքը պետք է այնպիսին լինի, որ որևէ մի զենքի համար անվտանգ և հուսալի լինի, որ որևէ մի զենքի համար հասանելի չլինի: Երկրորդ՝ եթե խոսքը վերաբերում է տարածքներին, ապա պետք է պարտադիր ապահովվի այն պայմանը, որ դա չի վտանգում Արցախի բազմաշերտ անվտանգությունը: Այսինքն՝ ըստ էության, այն ինչ երեկ ասվել է, ընդամենը նշաձողն է բարձրացվել, եղածին դրվել է նոր երկու պահանջ, ընդամենը»:

Քոչարյանը ընդգծեց՝ ոչ ոք ոչ ոքի ոչ մի տարածք չի տալիս. «Խոսքն ընդամենը վերաբերում է նրան, որ այն փաթեթը, որը մեզ ներկայացրել էին միջնորդները, դրա երկու տարրի նկատմամբ նախարարը բարձրացրել է պահանջները: Ինչու է դա այդպիսի իրարանցում առաջացրել, չեմ հասկանում: Ավելին, խոսքը վերաբերում է փաթեթին: Հիշենք նաև այն հանգամանքը, որ այսօր մենք գտնվում ենք մի փուլում, երբ եղել են Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի համաձայնություններ, և այդ համաձայնությունների էությունը հետևյալն է՝ ընդհանրապես բանակցային գործընթացում չի կարող լինել առաջընթաց, եթե չկա վստահություն կողմերի միջև: Այսինքն՝ եթե կրակում են, սադրում են, չկան հետաքննության մեխանիզմներ, և այլն: Ավելին, ինչը նաև երեկ ասաց նախարարը՝ առաջընթաց չի կարող լինել՝ առանց Արցախի մասնակցության: Սա է եղել ասվածը: Հանգիստ եղեք»:

Տեսանյութեր

Լրահոս