«Բանակցային գործընթացն ամուր ձեռքերում է. եկեք սխալ հարցադրումներով չշեղենք ներկայիս օրակարգը». Արմեն Աշոտյան
Այսօր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ասաց, որ այսօր օրակարգային թիվ մեկ խնդիրն է՝ պարտադրել Ադրբեջանին կատարել ստանձնած պարտավորությունները, որից հետո միայն կարելի է անցնել փաստաթղթային գործընթացին:
«Արցախյան հիմախնդիրը հասարակական-քաղաքական օրակարգի կարևորագույն հիմնախնդիրներից է: Ես չեմ համարում, որ Հայաստանի հասարակական- քաղաքական օրակարգում ղարաբաղյան կարգավորման դետալների քննարկումն օրհասական հարց է, քանի որ ապրիլյան պատերազմից հետո փոխվել է բանակցությունների բովանդակությունն այն տեսանկյունից, որ գիտենք, որ դրանք ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կողմերի ստանձնած պարտավորությունների կատարման շուրջ են ընթանում:
Այսինքն՝ այսօր բանակցում են բանակցություններ սկսելու, բանակցային արժանահավատ և անվտանգ միջավայր ստեղծելու մասին: Պետք չէ միջազգային հանրությանը կամ Ադրբեջանին ցույց տալ, որ այս հարցերը չլուծած՝ մենք համարում ենք, որ կարող ենք անցնել կոնկրետ բանակցային սեղանին դրված որոշակի նրբությունների քննարկմանը»,- ասաց նա:
Արմեն Աշոտյանի հավաստմամբ՝ հնարավոր չէ բանակցել մի կողմի հետ, որը չի կատարում պարտավորությունները: Նա նաև նշեց, որ բնական է համարում հասարակության ցասումային և սուր արձագանքը՝ կապված տարածքների հետ:
«Ես կտխրեի, կզարմանայի և ամեն ինչ կանեի, որ լինի այնպես, ինչպես որ կա, եթե այսպես չլիներ: Սակայն խնդրում եմ ձեզ, հավատացեք՝ բանակցային գործընթացն այնպիսի ամուր ձեռքերում է, որ եկեք երկար շախմատային քաղաքական այս խաղատախտակի վրա սխալ հարցադրումներով չշեղենք ներկայիս օրակարգը, որը փաստաթղթի դետալների մասին չէ»,- եզրափակեց նա: