
«Երևանի գարշահոտությունը նվազում է. դա կապված է աննախադեպ շոգի հետ». Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրատեսական է համարում 2040թ. 4 մլն բնակչություն ունենալու հնարավորությունը: Նա նշեց, որ բազմիցս հայտարարել են, որ այն գործարարները, որոնք ցանկություն ունեն ներդրումներ իրականացնել, քաղաքապետարանը պատրաստ է աջակցել:
Դիտարկմանը՝ սփյուռաքահայերը նկատել են, որ զարգանում է միայն Երևանը, այն էլ՝ Օպերային հարակից փողոցներով, Կենտրոնով, հետևաբար՝ ներգաղթի պայմաններ չկան, նա այսպես արձագանքեց.
«Ես համաձայն չեմ, որ Երևանը զարգանում է միայն Օպերային հարակից շրջաններով: Վերջին տարիների ընթացքում համաչափ զարգացման արդյունքում այսօր մենք կարող ենք փաստել, որ ծայրամասային վարչական շրջաններում մեծ աշխատանքներ են կատարվել, բայց դրանով չեն բավարարվում և համաչափ զարգացման ծրագիրը շարունակելու ենք»:
Հարցին՝ քաղաքում շատացել է գարշահոտը, դա ինչո՞վ կբացատրի, նա պատասխանեց, որ դա կապված է շոգ եղանակի հետ.
«Արդեն հոտը նվազում է, և «Սանիտեկ» ընկերությունն իր աշխատանքներն արդեն մեծ թափով իրականացնում է: Մենք օր-օրի նկատում ենք դրական շարժ: Եղել են խնդիրներ, բայց դրանց պետք է ըմբռնումով մոտենալ, քանի որ շոգն աննախադեպ էր:
Իմ նկատողությունն է եղել «Սանիտեկին», որ իրենց աշխատանքները նորմալ կազմակերպեն և դրական շարժ ենք նկատում: Բայց բնակչությունն էլ պետք է կենցաղային աղբը սահմանված վայրում թափի»: