«Ադրբեջանի այդ պահվածքը 99%-ով պայմանավորված է բանակցային սեղանից Արցախի բացակայությամբ». Կարեն Միրզոյան
«Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քայլերն ու միջոցները՝ շփման գծում ապահովելու կայուն իրավիճակ: Ցավոք, մենք չենք կարող բացառել մարդկային զոհեր, դա մեզանից կախված չէ, քանի որ ունենք նման հակառակորդ»,- այսօր Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ այս մասին հայտարարեց Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանը՝ ընդգծելով, որ ձեռնարկվում են բոլոր միջոցները՝ մարդկային կորուստները նվազագույնի հասցնելու համար։
Նախարարն ասաց նաև, որ շփման գծում իրավիճակը լիովին գտնվում է հայկական ստորաբաժանումների հսկողության տակ և այդպիսին էլ շարունակելու է մնալ։
«Աշխատանքը կատարվում է, և դրա արդյունքն է շփման գծում տեղի ունեցող միջադեպերի դինամիկայի նվազումը: Իրավիճակը շփման գծում լիովին գտնվում է հայկական ստորաբաժանումների հսկողության տակ»:
Նա ասաց, որ Ադրբեջանի այդ պահվածքը 99 տոկոսով պայմանավորված է բանակցային սեղանից Արցախի բացակայությամբ. «Հիշեցնեմ, որ, երբ Արցախը մասնակցել է բանակցային գործընթացին՝ որպես լիարժեք անդամ, կիրարկվել են ամենակարևորագույն փաստաթղթերը:
Մենք համոզված ենք, որ Արցախի վերադարձով բանակցային սեղան՝ որպես լիարժեք մասնակից, մենք կկարողանանք նոր լիցք և բովանդակություն հաղորդել բանակցային գործընթացին և այն տանել դեպի տրամաբանական ավարտ: Այդ տեսակետը կիսում են նաև համանախագահները, միջազգային հանրությունը, միակ խոչընդոտն Ադրբեջանն է: Ես համոզված եմ, որ վաղ թե ուշ հասնելու ենք այդ նպատակին»