Մեկնարկեց Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովը
Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, մեկնարկեց Հայաստան-Սփյուռք համահայկական վեցերորդ համաժողովը: ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր ելույթում նշեց, որ Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովից անցել է ուղիղ 3 տարի, և անցած համաժողովի ընթացքում հնչած առաջարկները, դիտողությունները համակարգվել, դասդասվել են, լրացվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի դրույթներին համապատասխան և դարձել Հայաստան-Սփյուռք գործակցության անցած տարիների ուղենիշ:
«Սփյուռքի նախարարությունը, հիմք ընդունելով այդ հարցադրումները, գործակցելով հոգևոր, համահայկական, համայնքային կառույցների, այլ նախարարությունների հետ, մշակել և իրականացրել է բազմաբովանդակ ձեռնարկներ, ծրագրեր, որոնց ամփոփ արդյունքները գրքույկի տեսքով ներկայացված է ձեզ: Աշխատանքները հիմնականում նպատակաուղղվել են՝ ամրացնելու Սփյուռքի կապը Հայրենիքի հետ, աշխուժացնելու երիտասարդության շրջանում հայապահպանության աշխատանքները»:
Նախարարը նշեց, որ համաժողովին մասնակցում է շուրջ 1800 հայ՝ 71 երկրից:
«Ուրախալի է, որ մասնակիցների 35 տոկոսից ավելին կանայք են, մոտ 20 տոկոսը կազմում են երիտասարդները: Մեծ թիվ են կազմում գործարարները, մտավորականները, 90-ից ավելին խմբագիրներ, լրագրողներ են: Համաժողովին մասնակիցում են հարյուրավոր համահայկական կառույցների ղեկավարներ, համայնքային կազմակերպությունների նախագահներ, ատենապետեր: Մեծ պատվիրակություններ են ժամանել ՌԴ-ից (259), ԱՄՆ-ից (213), Արգենտինայից (35), Կանադայից, Ֆրանսիայից (92), Լիբանանից (107), Սիրիայից (44), Իրանից (56), Թուրքիայից, Վրաստանից: Համաժողովին մասնակցում են տարբեր երկների պառլամենտների հայազգի պատգամավորներ, նախարարներ, տեղական մարմիններում ընտրվածներ»:
Նախարարի խոսքով՝ առաջին անգամ համաժողովին մասնակցում են Մալայզիայի, Թաիլանդի, Սինգապուրի, Ճապոնիայի, Մեքսիկայի, Եթովպիայի, Սուդանի, Մյամարի համայնքների ներկայացուցիչներ:
«Համաժողովի օրակարգը խիստ հագեցած է, այն ներառում է Հայրենիքի անվտանգության և պաշտպանության, արտաքին քաղաքականության, տնտեսության զարգացման և հայապահպանության հիմնախնդիրները: Որքանով համաժողովը կլինի կազմակերպված, գործնական և արդյունավետ՝ կախված է այստեղ ներկա գտնվող յուրաքանչյուրից:
Համզոված եմ, որ ձեր գործնական դիրքորոշումներով, իրատեսական հարցադրումներով, նոր նախագծերով, գաղափարներով կհարստացնեք Հայաստան-Սփյուռք գործակցությունը և կնպաստեք նրա հետագա զարգացմանը»: