Արտակ Զաքարյանը՝ Մովսես Հակոբյանի պաշտոնաթողության մասին
«Հայաստան-Սփյուռք» համաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանն ասաց, որ այս համաժողովին կա առանձին ուղղություն՝ «ՀՀ պաշտպանության քաղաքականության առանձնահատկությունները ժամանակակից մարտահրավերների պայմաններում», որի ժամանակ, ըստ նրա, մեր հայրենակիցների կողմից պաշտաճ ուշադրություն է դարձվելու բոլոր այն խնդիրներին, որոնք քննարկվելու են այս համաժողովին:
Հարցին՝ ինչ ասելիք ունի Պաշտպանության նախարարությունը Սփյուռքին՝ փոխնախարարը պատասխանեց. «Լինել ուժեղ ու աստիճանաբար ի մի բերել զարգացման այն կարևոր մոդելը, որը որ կա «Ազգ-բանակի» մեջ, որովհետև դա մեր զարգացման, մեր անվտանգության ապահովման, մեր հայապահանությանն, մեր առաջընթացի կարևորագույն բանաձևերից մեկը կարող է լինել»:
Անդրադառնալով «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ապրիլյան պատերազմի օրերին Սփյուռքի աջակցությունը կազմել է 5 տոկոս, Պաշտպանության փոխնախարարն ասաց, որ համաձայն չէ այդ դիտարկման հետ:
«Ես նման բան չէի ասի, ես չգիտեմ՝ պարոն Փաշինյանն ինչ նկատի ուներ, բայց, այնուամենայնիվ, Սփյուռքի մասնակցությունը և բարոյական աջակցությունը շատ զգալի էր ու շատ կարևոր»,- ասաց Արտակ Զաքարյանը:
Դիտարկմանը՝ ասում են՝ Հայաստանը Սփյուռքին հիշում է այն ժամանակ, երբ նեղն է ընկնում, Ա. Զաքարյանն արձագանքեց. «Այնպես չի, որ երբ նեղն ենք ընկնում, նոր հիշում ենք Սփյուռքին: Մենք միշտ ենք հիշում ու կարևորում այն, որովհետև Սփյուռքը մեր ինքնության մի մասնիկն է, մի շատ կարևոր հատված և Հայաստանն էլ ամենամեծ հենարանն է հայապահպանության գործում մեր սփյուռքահայ հայրենակիցներին»:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ մամուլը շատ է գրում, որ ՊՆ-ում կադրային փոփոխություններ են լինելու, մասնավորապես, Մովսես Հակոբյանը կթողնի պաշտոնը, ինչին ի պատասխան՝ փոխնախարարն ասաց, որ ՊՆ-ում ամեն բան իր բնական հունով է ընթանում. «Մամուլն ինչ ուզում, գրում է, նախարարությունում ամեն բան նորմալ է, ամեն ինչ իր բնական հունով է ընթանում ու ոչինչ հենց այնպես չին արվում»: